երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Արցախցի Անգելինան, ում 44-օրյայի զոհված հերոսների ծնողները անվանում են Եռաբլուրի պահապան-հրեշտակ, մեկ օրով լքեց ամուսնու շիրիմի մոտ իր դիրքը և միացավ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ հացադուլ հայտարարած կանանց

Արցախցի Անգելինան, ում 44-օրյայի զոհված հերոսների ծնողները անվանում են Եռաբլուրի պահապան-հրեշտակ, մեկ օրով լքեց ամուսնու շիրիմի մոտ իր դիրքը և միացավ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ հացադուլ հայտարարած կանանց

Արդեն չորրորդ օրն է ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի դիմաց կանայք միմյանց հերթափոխը փոխանցելով մեկօրյա հացադուլ են անում, այդպիսով փորձելով գրավել միջազգային այդ կառույցի ուշադրությունը սովյալ արցախցիների անմխիթար ճակատագրի վրա։
Այսօր հացադուլ անելու հերթը արցախցի Անգելինա Մանուկյանինն ու երևանցի Սեդա Գրիգորյանինն էր։

Անգելինան չցանկացավ պատմել իր մասին, ակցիայի միանալու իր որոշման մասին, ասաց, որ կարևոր էլ չէ, զուտ իր պարտքն է համարել այսկերպ իր լուման ներդնել հայրենակիցների հանուն կյանքի իրավունքի պայքարի համար։

Նրա փոխարեն Անգելինայի մասին պատմեց իր ընկերը՝ արցախցի Տիգրան Միքայելյանը, ով ներկայումս ապրում, դասավանդում և սովորում է Երևանում, սակայն հավաստիացնում է, որ ճանապարհը բացվելուն պես, վերադառնալու է հայրենի Արցախ և այնտեղ կիրառի Երևանում ստացած գիտելիքներն ու փորձը։ «Անգելինան՝ մի յուրահատուկ անձնավորություն է, չկա զոհվածի մի ծնող, որ չճանաճի նրան։ Նա հերոսի մահով ընկած Յակով Սարգսյանի այրին է։

Ընդամենը մեկ ամիս էին ամուսնացած, երբ Յակովը զոհվեց մարտի դաշտում, մինչդեռ նրանց սիրավեպը տասնմեկ տարվա պատմություն ուներ։ Երբ իրենց հարսանիքի տեսաֆիլմը պատրաստ էր, Յակովը արդեն չկար։ Երբ նրան հուղարկավորեցին Եռաբլուրում, Անգելինան տեղափոխվեց Երևան, որ ամուսնու շիրիմին մոտ լինի։ Եվ այդ օրվանից չկա մեկ օր, որ նա Եռաբլուրում չանցկացնի, չխնամի թե ամուսնու, թե այլ զոհված հերոսների շիրիմները։

Բոլորի շիրիմների տեղը անվանական գիտի, գիտի, որ օրը ում ծնողը չի կարողանալու այցելի իր որդու գերեզմանից, նրա փոխարեն կայցելի շիրիմին, կմաքրի քարը, ծաղիկներ կդնի։ Անգելինան Արցախը համարում ա իր և Յակովի սիրո պտուղը, և ասում է, որ ամեն ինչ չէ, որ կորցրել է, Արցախը կա։ Նրա ընտանիքի բոլոր անդամները Արցախում են բնակվում։ Չի եղել մի դեպք, որ Անգելինային ակնարկեն, որ գուցե ճիշտ էր զիջել Արցախը, բայց խնայել կյանքեր, հենց Յակովի կյանքը, չհանդիպեն նրա խեթ հայացքին։ Նույնիսկ նման բան մտքով չի կարելի անցկացնել՝ սաստում է նման մարդկանց Անգելինան․․․»։

  • Կիսվել: