ուրբաթ, հունիս 21
21 / 6 / 2024
Հայկական մշակութային ժառանգության իսլամացման նոր փորձեր. monumentwatch-ի ահազանգը

Հայկական մշակութային ժառանգության իսլամացման նոր փորձեր. monumentwatch-ի ահազանգը

Մայիսի 11-ին Շուշիում ստորագրվել է Հեյդար Ալիևի Հիմնադրամի և ISESCO-ի միջև համագործակցության հուշագիր, որը նախատեսում է մշակույթի, գիտության և կրթության ոլորտում փորձի փոխանակում նոր տեխնոլոգիաների մշակում, ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացում, գրում է monumentwatch.org-ը:

Հիշեցնենք, որ ISESCO-ն Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) մասնագիտացված ճյուղն է, որն զբաղվում է իսլամական կրթական, գիտական և մշակութային հարցերով՝ նպատակ ունենալով  ամրապնդել կապերը իսլամական ազգերի միջև և խթանել կայուն զարգացումն այդ բնագավառներում:

Նմանատիպ հուշագրերն ու պայմանագրերը Շուշիի իսլամացման գլոբալ ծրագրի մի մասն են կազմում։ Դեռևս 2021 թվականից Ադրբեջանի մշակույթի նախարարության մամլո ծառայության հավաստմամբ, Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությանը փաստաթղթեր է ներկայացրել հայկական պատմական Շուշի քաղաքը (44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք) «ՅՈՒՆԵՍԿՕ-ի ստեղծարար քաղաքների ցանցում» ընդգրկելու համար։ Իսկ նախարար Անար Քերիմովին 2021 թ. սեպտեմբերի 17-ին Խիվա (Ուզբեկստան) քաղաքում տեղի ունեցած թյուրք նախարարների միջազգային 38-րդ հանդիպմանը հաստատել է, որ Բաքուն պատրաստվում է 2023 թվականին Շուշին հռչակել «Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»՝ ակտիվացնելով կապերը թյուրք ժողովուրդների ընդհանուր մշակույթի զարգացմամբ զբաղվող «TURKSOY» միջազգային կազմակերպության հետ։ Բացի դա,  2021-2022 թթ. օկուպացված Շուշիում տեղի են ունեցել տարբեր բնույթի համաժողովներ, որոնք քաղաքի պատմական, մշակութային կերպարը նենգափոխելու և գործընթացը միջազգայնորեն ամրագրելու, քաղաքը միջազգային հանրությանը և կազմակերպություններին որպես զուտ ադրբեջանական ներկայացնելու և այդ ամենն օրինականացնելու նպատակ էին հետապնդում։ Այս միտումներն ակնհայտ են ներկայացված բոլոր ծրագրերում ու ելույթներում, որոնցում Շուշին ներկայացվում է բացառապես որպես ադրբեջանական և թյուրքական բնակավայր՝ բացարձակ լռության մատնելով Շուշի քաղաքի հայկական մշակութային հարուստ ժառանգությունը, պատմական անցյալն ու բազմաթիվ հուշարձանների գոյությունը: Ի մասնավորի՝ 2022 թ. հոկտեմբերի 21-ին Բաքվում տեղի է ունեցել Թյուրքական պետությունների կազմակերպության հոգևոր առաջնորդների երրորդ համաժողովը՝ «Թյուրք-իսլամական ժառանգության հարստությունը և դրա նշանակությունը արդի խնդիրների լուծման համատեքստում» թեմայով, որի նախօրեին՝ հոկտեմբերի 20-ին, Շուշիում կնքվել է փաստաթուղթ, և հիմք դրվել Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության մահմեդական վարչությունների ղեկավարների խորհրդի ստեղծմանը։ Ուշագրավ է, որ համաձայնագրում կա մշակութային արժեքների վերականգնման հարցերում թյուրք գործընկերների հետ պայմանավորվածության մասին մատնանշում, համաձայն որի՝  հայկական օկուպացիայի ընթացքում վնասված մահմեդական ժառանգության վերականգնման ծրագրերում պետք է ապավինեն միացյալ օգնությանը:

Մեր արձագանքը

Հայ մշակույթի կարևորագույն կենտրոն հանդիսացող պատմական Շուշի քաղաքի հռչակումը որպես ադրբեջանական ակնհայտորեն ոտնահարում է քաղաքի պատմության, վերջինիս իսկության և ամբողջականության հիմնարար սկզբունքները:

Յուրացման քաղաքականությունն իրավական տեսանկյունից Ադրբեջանը խախտում է խախտում է 2001 թ. «Մշակութային բազմազանության պաշտպանության մասին» և 2005 թ. «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիաների դրույթները, որոնց անդամ է։  Խախտվում է նաև Շուշիի հայ հանրույթի մշակույթի իրավունքը, որն ամրագրված է 1966 թ. «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի» 15-րդ հոդվածով։  Այն երաշխավորում է յուրաքանչյուրի` մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը։ 2007 թ. «Մշակութային իրավունքների Ֆրիբուրգի հռչակագիրը» ևս սահմանում է նման իրավասություն՝ մշակութային իրավունքները համարելով ինքնության դրսևորման, տարբեր մշակութային ռեսուրսներից և գիտելիքից օգտվելու հնարավորություն։ Բացի դրանցից՝ Ֆարոյի 2005 թ. «Մշակութային ժառանգությունը հասարակության համար» կոնվենցիան ևս պարունակում է դրույթներ մշակութային ժառանգության իրավունքի վերաբերյալ:

Քաղաքի ինքնության օտարումը, ժառանգության գործառույթի փոփոխությունները ենթադրում են զգալի վնաս ժառանգության ոչ նյութական բաղադրիչներին, ինչպիսիք են տվյալ ժառանգության վերաբերյալ գիտելիքն ու պատմությունը, որոնք դրան իմաստ ու արժեք են հաղորդում:

  • Կիսվել: