Ուրցաձորում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բախվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի 60-ամյա վարորդը վթարից երկու օր անց մահացել է
Հունիսի 2-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Ուրցաձոր գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 60-ամյա Ապավեն Գ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 21-ամյա Նարեկ Մ․-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է քարե պատնեշին և կոտրել այն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ապավեն Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վոլոդյա Հովհաննիսյանը և Գևորգ Սիմոնյանը։
Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Գագիկ Առաքելյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 4-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության 112 օպերատիվ կառավարման կենտրոն, և հայտնել են, որ Ապավեն Գ․-ն գիտակցության չգալով՝ մահացել է։


