երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
2019 թ.-ին Արցախ են այցելել 93 երկրի մոտ 42000 օտարերկրյա զբոսաշրջիկներ

2019 թ.-ին Արցախ են այցելել 93 երկրի մոտ 42000 օտարերկրյա զբոսաշրջիկներ

2019 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Արցախի Հանրապետություն է այցելել 41 հազար 963 օտարերկրյա զբոսաշրջիկ 93 երկրից՝ նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցելով 46.7%-ով:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր Խորհրդարանում կայացած 2019 թ.-ի ԱՀ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասել է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը:
 
Նրա խոսքով՝ զբոսաշրջիկների ընդհանուր թվաքանակից 88.2%-ը այցելել են հանգստի և ժամանցի, իսկ 11.8%-ը՝ գործնական տարբերակով: 2019 թ.-ի ընթացքում հաշվառվել է 29 հյուրանոցային տնտեսության օբյեկտ: Լիցենզիա է ստացել 2 զբոսաշրջային օպերատոր և 1 զբոսավար: Ընդհանուր առմամբ, լիցենզավորված է 8 զբոսավար և 11 զբոսաշրջային օպերատոր:
 
Ներկայացնելով զբոսաշրջության զարգացման ծրագիրը՝ Ա. Գրիգորյանն ասել է, որ անցած տարում Արցախը մասնակցել է միայն Երևան քաղաքում կայացած «Ինտուր Էքսպո» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: Ծրագրով նախատեսված ֆինանսական հատկացումներով այլ ցուցահանդեսների կամ միջոցառումների մասնակցություն չի ապահովվել, ինչի հետևանքով կատարվել են ծրագրի փոփոխություններ:
 
«Թվային մարքեթինգ» ծրագրի շրջանակներում շարունակվել են Artsakh.Travel դոմեյնով Արցախի զբոսաշրջային պաշտոնական կայքի միջոցով երկրի զբոսաշրջային արդյունքի հանրահռչակման աշխատանքները, իսկ սոցիալական ցանցերում շարունակվել են Արցախի ճանաչելիության և տեղեկացվածության բարձրացմանն ուղղված տարբեր տեղեկատվական արշավներ: «Փառատոնների կազմակերպում» ծրագրով իրականացվել է Արցախի գինու փառատոնը, որը հյուրընկալել է բազմաթիվ այցելուների և զբոսաշրջիկների ինչպես ՀՀ-ից, այնպես էլ արտերկրից:
 
Արկածային զբոսաշրջությանն ուղվված միջոցառումների հիմնական ուղղությունն ընդգրկում է «Ճանապարհ արահետ» համաարցախյան քառուղիների համակարգի զարգացումը: Ագրոտուրիզմի զարգացմանն ուղղված միջոցառումներն ու գինու ուղիների զարգացումը ծրագրերի շրջանակներում կազմակերպվել են տարբեր հանդիպումներ Արցախի գյուղական համայնքներում հյուրատնային բիզնես գործունեություն ծավալող սուբյեկտների հետ:
 
Նախատեսված միջոցառումներից էր նաև ներդրումային ծրագրերի կազմումը: Ծրագրով անցած տարում մշակվել է անգլերեն լեզվով ներդրումային ուղեցույց, որի հիմնական նպատակն է լինելու զբոսաշրջության ոլորտում զարգացման տարբեր ծրագրերի իրականացումը և զբոսաշրջային զարգացման գոտիների ստեղծումը:

  • Կիսվել: