հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Հայաստանից Վրաստան զբոսաշրջային հոսքն ավելի մեծ է, քան հակառակ ուղղությամբ. Ապրեսյան

Հայաստանից Վրաստան զբոսաշրջային հոսքն ավելի մեծ է, քան հակառակ ուղղությամբ. Ապրեսյան

Հայաստանից Վրաստան զբոսաշրջային հոսքն ավելի մեծ է, քան հակառակ ուղղությամբ: Այս մասին այսօր Երևանում անցկացված հայ-վրացական զբոսաշրջային գործարար համաժողովի ժամանակ ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

Նրա խոսքով՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Վրաստանը զբոսաշրջային առումով ավելի գովազդված է մեր հանրապետությունում: 

Ապրեսյանը նշեց, որ  հարևան ժողովուրդներն այսօր առանձնապես ծանոթ չեն միմյանց պատմությանն ու մշակույթին, ինչն իր հերթին սահմանափակում է փոխադարձ զբոսաշրջային այցելությունները:

Այնուամենայնիվ, նրա խոսքով, Հայաստանի և Վրաստանի միջև զբոսաշրջային այցելությունների պատկերը բավականին տպավորիչ է. 2023 թվականին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների շուրջ 14 տոկոսը եղել են Վրաստանի քաղաքացիներ: Դա երկրորդ ցուցանիշն է վիճակագրության ընդհանուր պատկերում:

«Որքան էլ տարօրինակ է՝ այնքան էլ շատ տեղեկություն չունենք միմյանց մասին: Այդ առումով շատ կարևոր է, որ Հայաստանը հնարավորինս շատ գովազդենք Վրաստանում: Մինչդեռ, Հայաստանում Վրաստանի զբոսաշրջային հնարավորություններն ու առաջարկներն ավելի լավ են ներկայացված: Ըստ այդմ, Հայաստանից ավելի շատ զբոսաշրջիկներ են այցելում Վրաստան: Տուրիզմը միայն տնտեսական նշանակություն չունի, մեծ է նաև այդ ոլորտի սոցիալական և մշակութային դերը: Դա միջմշակութային երկխոսության հարց է, որը շատ կարևոր է: Դա մեծ նպաստ կբերի երկու երկրների բարեկամության ամրապնդմանն ու զարգացմանը»,-ասաց Ապրեսյանը:

 

  • Կիսվել: