ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Սերժ Սարգսյանի գրասենյակն արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը

Սերժ Սարգսյանի գրասենյակն արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն արձագանքել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակմանը:

Արձագանքը ներկայացնում ենք ստորև.

՛՛Արձագանքելով Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակմանը` հայտնում ենք, որ զարմանալի էր Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից այս հրապարակումն անելը՝ առանց հանդիպման մյուս կողմերին նախապես տեղեկացնելու։

Միևնույն ժամանակ հիշեցնում ենք Հայաստանի և Արցախի նախկին ղեկավարների հանդիպման ժամանակ ՀՀ երրորդ նախագահի հայտնած դիրքորոշումը առ այն, որ ՀՀ առաջին նախագահի ներկայացրած առաջարկի քննարկումները հեռանկարային և արդյունավետ կարող էին դիտվել բոլոր կողմերի սկզբունքային համաձայնության դեպքում։

Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին համատեղ մասնակցելու՝ ՀՀ առաջին նախագահի կողմից այսօր կրկին արված առաջարկին, ապա հիշեցնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահի գլխավորած Հանրապետական կուսակցությունը ընդամենը օրեր առաջ իր որոշումը ընտրություններին մասնակցելու, ինչպես նաև ձևաչափի վերաբերյալ կայացրել է և հրապարակել:

Սերժ Սարգսյանի դիրքորոշումն է, որ ստեղծված իրավիճակում խնդրի լուծման համար անհրաժեշտ է ընտրել արդյունավետ մարտավարություն, ուստի կապիտուլյանտ իշխանությունների դեմ պայքարը կարող է իրականացվել տարբեր ձևաչափերով՛՛:

Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներին առաջարկում է արտահերթին մասնակցել դաշինքով:

 

  • Կիսվել: