երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Հայրենիքից դուրս հայրենիք, պետություն փնտրելու մտածողության պայմաններում է, որ ձևավորվեց Հայաստանի Երրորդ Հանրապետությունը․ վարչապետ

Հայրենիքից դուրս հայրենիք, պետություն փնտրելու մտածողության պայմաններում է, որ ձևավորվեց Հայաստանի Երրորդ Հանրապետությունը․ վարչապետ

Առաջին Հանրապետության գոյության կարճ ընթացքում մենք չհասցրեցինք կոնկրետանալ Հայաստանի Հանրապետության մասին մեր պատկերացումներում: Երկրորդ Հանրապետությունը սովետականն էր, որն ինքնիշխան պետություն չէր, այլ ԽՍՀՄ կազմում գտնվող երկիր, և այս փաստի բերումով թշնամական միջավայր էր անկախության և անկախ Հայաստանի մասին մտածելու համար: Այս մասին այսօր ժողովրդին ուղղված իր տեսաուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նման մտքեր ու մտածումներ ունեցողները ենթարկվում էին քրեական հետապնդման և սպառնալիք էին Խորհրդային Միության անխախտության համար: Հայերիս ազգային ուժեղ ինքնագիտակցության դեմ Խորհրդային Միության մղած պայքարի մեթոդներից մեկը ՀԽՍՀ հայերի անկախության երազանքները Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Միության տարածքից դուրս ուղղորդելն էր, երբեմն աշխարհքաղաքական, երբեմն էլ Հայկական ԽՍՀ-ն որպես հայոց պետականության վերստեղծման պոտենցիալ տարածքի ընկալումը թուլացնելու և արմատախիլ անելու նպատակով: Խորհրդային Միությունը խթանում էր Հայկական ԽՍՀ-ից դուրս հայրենիք փնտրելու բանաձևը հայերիս շրջանում:

Այս և մի շարք այլ գործոնների բերումով հայրենիքի փնտրտուքը դարձավ հայերիս ենթագիտակցության հենասյուներից մեկը: Հայրենիքում հայրենիք փնտրելու այդ բանաձևն անվնաս էր Խորհրդային Միության համար, որովհետև պետականության վերստեղծման երազանքներն ուղղորդում էր հայկական ԽՍՀ-ից, երբեմն ընդհանրապես ԽՍՀՄ տարածքից դուրս ու նաև դառնում աշխարհքաղաքական գործոն, որ Խորհրդային Միությունը կարող էր օգտագործել միջազգային իր հարաբերություններում: Իսկ նրանք, ովքեր հայոց պետականության զգացումները փորձում էին կապել Խորհրդային Հայաստանի հետ, որպես հակասովետական գործունեության կրողներ, հայտնվում էին բանտերում և քաղաքական լուսանցքներում, այսինքն՝ նրանց կողմնակիցները չէին բազմապատկվում:

Ահա այս՝ հայրենիքից դուրս հայրենիք, պետություն փնտրելու մտածողության պայմաններում է, որ ձևավորվեց Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, որն ինքն իրեն դիրքավորեց ոչ թե որպես սեփական քաղաքացիների ազատությունը, անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու միջոց, այլ որդեգրեց տեսլական, որը լիարժեք և ամբողջությամբ տեղավորվում էր հայրենիքի փնտրտուքի խորհրդահայ բանաձևի մեջ:

Այստեղ է, որ հայտնվեցինք վերը նկարագրված վիճակում, երբ այնքան էլ վստահ չենք ինչ տարածքի վրա ենք ուզում պետություն կառուցել, ինչ դիրքով ենք ուզում կառուցել և ինչ չափերով: Եվ հայրենիքի փնտրտուքը վերահաստատվեց որպես Երրորդ Հանրապետության առանցքային սոցիալ-հոգեբանություն:

Երրորդ Հանրապետության խորքային պրոբլեմների մի հսկայական մասը կապված է հենց սրա հետ:

Չեմ կարող պարծենալ, թե այս ըմբռնումն ունեցել և հայեցակարգային այս նրբությունները գիտակցել եմ միշտ կամ իմ վարչապետության ողջ ընթացքում: Այս օրակարգին համակարգված ձևով առնչվել եմ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո՝ խորությամբ և գործնականում տեսնելով այն սպառնալիքները, որ կախված են ոչ միայն Հայաստանի Հանրապետության անվտանգության վրա, այլև ընդհանրապես մեր պետության գոյության վրա: Եվ հետևաբար, հայեցակարգային հարցը, որի լուծումը կենսական եմ համարել որպես վարչապետ, հետևյալն է՝ ինչպե՞ս ենք պատրաստվում ապահովել Հայաստանի Հանրապետության հարատև ու բարեհաջող ապագան:

Ահա այս հարցերի շուրջ ռազմավարական մտածումներն են ինձ հանգեցրել Խաղաղության օրակարգին և Իրական Հայաստանի տեսլականին, որոնք խորապես կապված են մեկը մյուսի հետ»,-նշեց նա:

  • Կիսվել: