երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Գյումրին ոչ միայն Հայաստանի սպորտային մայրաքաղաքն է, այլ նաև արդեն՝ ԱՊՀ-ի. Գիլոյան

Գյումրին ոչ միայն Հայաստանի սպորտային մայրաքաղաքն է, այլ նաև արդեն՝ ԱՊՀ-ի. Գիլոյան

ԱՊՀ սպորտային մայրաքաղաք Գյումրիում այսօր մեկնարկած ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովի շրջանակում ԶԼՄ-ների հետ հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշել է, որ Գյումրիի հռչակումը ԱՊՀ երկրների սպորտային մայրաքաղաք և այնտեղ համաժողովի անցկացումը չի ենթադրում միայն մարզական միջոցառումների կազմակերպում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

«Ներկայացնում ենք մեր երկիրը, մարզական նվաճումները, ստեղծված ենթակառուցվածքները, սպորտի զարգացման համար ստեղծված պայմանները: Համաժողովի անցկացումը Գյումրիում փաստում է՝ Գյումրին ոչ միայն Հայաստանի սպորտային մայրաքաղաքն է, այլ նաև արդեն՝ ԱՊՀ-ի: Գյումրին ունեցել է փառահեղ մարզական ավանդույթներ, որոնք այսօր շարունակվում են»,- ասել է Կարեն Գիլոյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստում քննարկված հարցերին՝ տեղեկացնելով, որ առաջարկ է եղել անցկացնելու Սպարտակիադա՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար, որն ընդունվել է միաձայն: Այլ առաջարկներ ևս հնչել են, որոնք քննարկման փուլում են:

Կարեն Գիլոյանը, գնահատելով ԱՊՀ երկրների հետ մարզական համագործակցության մակարդակը, նշել է, որ հայ մարզիկները պարբերաբար մասնակցություն են ունենում ԱՊՀ երկրներում կազմակերպվող միջազգային մրցաշարերին և գրանցում են բարձր արդյունքներ:

  • Կիսվել: