ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ծանրորդներին փոխարինելու է գալիս ավելի ուժեղ սերունդ. մարզիչ

Ծանրորդներին փոխարինելու է գալիս ավելի ուժեղ սերունդ. մարզիչ

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականում սերնդափոխություն է, իսկ նոր սերունդը պակաս ուժեղ չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց թիմի մարզիչ Վիգեն Խաչատրյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք իսկապես կարոտել էինք միջազգային մրցաշարերին և դրա համար էլ նմանատիպ մոտեցում էինք ցուցաբերել: Մի փոքր անհաջողություն ունեցան Դավիթ Հովհաննիսյանն ու Սիմոն Մարտիրոսյանը: Սիմոնի դեպքում վնասվածքի պատճառով ռիսկի չգնացինք: Մեզ համար առաջնայինը Օլիմպիական խաղերն են՛՛:

Ըստ Խաչատրյանի՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրներն ի սկզբանե այդ չեմպիոնական տրամադրությամբ էլ եկել էին: Նա նշեց. ՛՛Հավաքականում թիմի սերնդափոխություն է, և այն պատրաստ է: Հավաքականում սերնդափոխություն է: Ծանրորդներին փոխարինելու է գալիս առավել ուժեղ սերունք: Եվրոպայի մյուս առաջնությունում նորից նոր անուններ եք լսելու՛՛:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում Իզաբելլա Յայլյանը (55 կգ) երկամարտում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 346 կգ արդյունքով գրավեց 4-րդ տեղը, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ: 89 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն դարձավ Կարեն Ավագյանը, ով երկամարտում գրանցեց 375 կգ, ինչպես նաև արժանացավ փոքր ոսկե (պոկում) և արծաթե (հրում) մեդալների: 81 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Գյուրջյանը պոկեց 98 կգ և հրեց 129 կգ՝ նվաճելով նաև փոքր արծաթե մեդալ: 96 կգ քաշում Հակոբ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Նա պոկեց 160 կգ, սակայն հաջորդ երկու մոտեցումներն անհաջող էին: Հրում վարժությունում գյումրեցի մարզիկը նախ բարձրացրեց 205 կգ, այնուհետ` 212 կգ, սակայն չկարողացավ 215 կգ-ն: Նա նվաճեց փոքր արծաթե մեդալ: Երկամարտում Հակոբ Մկրտչյանը գրանցեց 372 կգ արդյունք: 102 կգ քաշում Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն: 109 կգ քաշում Սիմոն Մարտիրոսյանը դարձավ փոքր ոսկե մեդալակիր, իսկ երկամարտում «զրո» ստացավ: Գերծանր քաշային կարգում Գոռ Մինասյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե, իսկ Վարազդատ Լալայանը` բրոնզե մեդալակիր:

 

  • Կիսվել: