Որպեսզի Փաշինյանը կատարի Ալիևի պահանջը, պետք է վերшցնի ընդդիմությանը. Արթուր Խաչատրյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կապ է տեսնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի ձերբակալության ու խուզարկությունների և նոր Սահմանադրության քննարկման միջև։ Այս մասին Սահմանադրական դատարանի բակում, որտեղ քննարկվում է Կարապետյանի խափանման միջոցի հարցը, լրագրողների հետ զրույցում ասել է ինքը՝ Խաչատրյանը:
Ըստ նրա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է վերացնել ընդդիմությանը՝ կատարելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի Հիմնական օրենքը փոխելու պահանջը։
«Ալիևի պահանջը կատարելու համար Նիկոլ Փաշինյանը պետք է վերացնի երկրի ներսում գործող ընդդիմությանը։ Նա խոսում է հանրային ճնշման մասին, և հանկարծ, ինչպիսի՜ զուգադիպություն, մենք տեսնում ենք այս դիմակահանդեսը։ Ես ուղղակի կապ եմ տեսնում այս իրադարձությունների միջև»,-նշել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ չնայած Փաշինյանի հայտարարություններին, թե Հայաստանի ներքին հարցերը չեն քննարկվում երկրի սահմաններից դուրս, Սահմանադրությունը փոխելու հարցը, իր կարծիքով, արդեն դարձել է Բաքվի հետ բանակցությունների առարկա։
«Հասկանալի է, որ Ադրբեջանն ասում է՝ որպեսզի ես ստորագրեմ այս համաձայնագիրը, Սահմանադրությունը պետք է փոխվի։ Այսինքն՝ Ալիևը Փաշինյանի հետ քննարկել է Սահմանադրությունը փոխելու հարցն արտաքին պարագծում. ես մեջբերում եմ հենց վարչապետին։ Հիմա Նիկոլ Փաշինյանը, որպեսզի կատարի Ալիևի պահանջը կամ նախապայմանը, ինչպես ուզում եք՝ անվանեք, պետք է վերացնի երկրի ներսում գործող ընդդիմությանը»,-ասել է Խաչատրյանը։
Մեկնաբանելով Կարապետյանի խափանման միջոցի հնարավոր փոփոխությունը՝ պատգամավորը կասկածի տակ է դրել նման որոշման անհրաժեշտությունը, եթե գործող սահմանափակումների խախտումներ չեն եղել։
«Խափանման միջոցը պատիժ չէ։ Դա անհրաժեշտ միջոց է, որպեսզի անձը չխոչընդոտի նախաքննությանը կամ դատաքննությանը, և որպեսզի գործընթացն արդար ընթանա։ Եթե անձի նկատմամբ արդեն այլ խափանման միջոց է ընտրվել, և որևէ խախտում չի եղել, ի՞նչ իմաստ ունի այն փոխելը»,-նշել է նա՝ հավելելով, որ չի հիշում դեպքեր, երբ խափանման միջոցը փոխվել է մեղադրյալի խախտումների բացակայության պայմաններում։
Պատասխանելով խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հանդիպման մասին հարցին՝ պատգամավորը հայտնել է, որ հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի դրա բովանդակության մասին։



