հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Փետրագնդակի հայ վարպետները պատրաստվում են միջազգային մրցաշարերի

Փետրագնդակի հայ վարպետները պատրաստվում են միջազգային մրցաշարերի

Հայաստանի բադմինթոնիստները նոր մրցաշրջանին սկսել են պատրաստվել հունվարի 3-ից: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Փետրագնդակի մեր վարպետները պատրաստվում են մի քանի միջազգային մրցաշարերի։ 17–ամյա Էլեն Տիրատուրյանը փետրվարի 1-9-ը կմասնակցի Իրանի Շիրազ քաղաքում նախատեսված միջազգային երկու մրցաշարերի։ Նա նախ հանդես կգա պատանեկան մրցաշարում, ապա՝ «Արևածագի 10 օր» ավանդական մրցումներին։ Վերջինում նրա հետ զույգ կկազմի մեր առաջատար բադմինթոնիստուհի Լիլիթ Պողոսյանը, որը ոտքի վնասվածքից հետո առաջին անգամ է ելնելու մրցասպարեզ:

Որոշված է չորս մարզիկ գործուղել Իսրայելի միջազգային մրցաշար, որը նախատեսված է մարտին: Մինչ այդ մեր պատանի մարզիկները պետք է փետրվարին մասնակցեին Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությանը, սակայն կազմակերպիչ երկիրը՝ Ֆինլանդիան, կորոնավիրուսի պատճառով, հրաժարվել է, և հիմա մարզաձևի եվրոպական ֆեդերացիան նոր մրցավայր է փնտրում:

Հունիսին նախատեսված է մերոնց մասնակցությունը Սերբիայի միջազգային մրցաշարին։ Հոկտեմբերին կկայանա աշխարհի առաջնությունը, որի մրցավայրը դեռևս որոշված չէ:

  • Կիսվել: