հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարին մասնակցում են նաև օտարերկրացիներ

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարին մասնակցում են նաև օտարերկրացիներ

Այս տարի նախատեսված է իրականացնել «Վարչապետի գավաթ» խորագրով 4 մարզական զանգվածային միջոցառում: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց ԿԳՄՍ զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը:

«Առաջինը սեղանի թենիսի սիրողական մրցաշարն է: Այս պահին ավարտվել է առաջին փուլը: Բոլոր մարզերում իրականացվել են մարզային փուլեր: Մարզային փուլում մասնակցել է 1594 մասնակից: Եզրափակիչ փուլը տեղի կունենա Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի մարզադպրոցում: Կմասնակցեն մարզային փուլը հաղթահարած՝ 1-3-րդ տեղերը գրաված մասնակիցները՝ 12 հոգի»,- ասաց Աբրահամյանը:

Նա տեղեկացրեց, որ կա 2 տարիքային խումբ: Առաջին տարիքային խմբում 18-35 տարեկան կանայք են և 18-40 տարեկան տղամարդիկ, իսկ երկրորդ տարիքային խմբում՝ 36 տարեկան և բարձր տարիքի կանայք և 41 տարեկան և բարձր տարիք տղամարդիկ:

«Եզրափակիչը լինելու է մարտի 12-ին և 13-ին: Բացի ՀՀ քաղաքացիներից՝ կմասնակցեն նաև օտարերկրյա քաղաքացիները. նրանց համար մրցաշարը կսկսվի մարտի 13-ին»,- ասաց Աբրահամյանը:

ՀՀ քաղաքացիները կստանան մարզաշապիկներ, հավաստագրեր ու դրամական պարգևներ: Իսկ օտարերկրյա քաղաքացիները կստանան մարզաշապիկներ, հավաստագրեր և հուշանվերներ, եթե գրավեն մրցանակային տեղեր:

  • Կիսվել: