ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի հաղթողները

Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի հաղթողները

Փարաքար-Էջմիածին մայրուղում հոկտեմբերի 25-ին կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը, որին մասնակցել է շուրջ 1400 հոգի՝ տղամարդկանց և կանանց 2 տարիքային, դպրոցականների և առանձին գործող աթլետ մարզիկների խմբերում:

Մրցաշարին մասնակցել են նաև օտարերկրյա քաղաքացիներ:

Կին աթլետների խմբում հաղթել է Էլլադա Ալավերդյանը, երկրորդ տեղում է Ալեքսանդրա Գալինսկին, եռյակը եզրափակել է Լիանա Մարտիրոսյանը: Աթլետների տղամարդկանց խմբում առաջին տեղը զբաղեցրել է Երվանդ Մկրտչյանը, երկրորդ տեղը` Ռոման Ալեքսանյանը, երրորդ տեղը՝ Բալաբեկ Հարությունյանը:

Դպրոցականների աղջիկների խմբում հաղթող է ճանաչվել Մարի Սարգսյանը, երկրորդ տեղը գրավել է Քրիստինե Գևորգյանը, երրորդ տեղը՝ Կարինե Մկրտչյանը: Դպրոցականների տղաների խմբի եռյակում են Սիմոն Տոնոյանը՝ առաջին տեղ, Յուրա Բաբլումյանը՝ երկրորդ տեղ և Գառնիկ Սարգսյանը՝ երրորդ տեղ:

18-ից 35 տարեկան կանանց պայքարում լավագույն արդյունքն է գրանցել Սառա Ստայցը, երկրորդ մրցանակային տեղը գրավել է Ինեսա Վարդանյանը, լավագույն եռյակը եզրափակել է Լիանա Սիմոնյանը: 36 տարեկանից բարձր կանանց խմբում առաջին տեղը զբաղեցրել է Լիանա Հարությունյանը, երկրորդը՝ Քրիստինե Միկոյանը, երրորդը՝ Քրիստինե Մուրադյանը:

18-ից 40 տարեկան տղամարդկանց պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Հարություն Հարությունյանը, երկրորդ տեղը՝ Անդրանիկ Մարգարյանը, եռյակը եզրափակել է Արմեն Օհանյանը: 41 տարեկանից բարձր տղամարդկանց խմբում առաջին երեք տեղերը զբաղեցրել են Վարդան Սաղյանը, Գևորգ Թորոսյանը և Սամվել Հովհաննիսյանը:

Մրցաշարի 3 տարիքային խմբերում, ինչպես նաև առանձին գործող աթլետների խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) պարգևատրվել են նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով:

1-ին տարիքային խմբի՝ 2 կմ վազք մրցաձևում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված դպրոցահասակ տղաները և աղջիկները, ինչպես նաև 2-րդ, 3-րդ և առանձին գործող աթլետների խմբերում 1-20-րդ տեղեր գրաված մասնակիցները (10 կմ) (կանայք և տղամարդիկ) պարգևատրվել են նաև դրամական մրցանակներով:

2-րդ, 3-րդ խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը ստացել է 1 մլն դրամ, 2-րդը՝ 600 հազար դրամ, 3-րդը՝ 400 հազար դրամ, 4-րդը՝ 150 հազար դրամ, 5-րդը՝ 100 հազար դրամ: 6-10-րդ տեղերը զբաղեցրածները ստացել են 75 հազար դրամ, իսկ 11-20 տեղերը` 50 հազարական դրամ:

Կից ներկայացնում ենք «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարի հաղթողների և մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցների ամբողջական ցանկը:

  • Կիսվել: