ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանի ընտրանին հաղթեց Չեռնոգորիային

Հայաստանի ընտրանին հաղթեց Չեռնոգորիային

Հայաստանի հավաքականը Երևանում ընկերական խաղ անցկացրեց Չեռնոգորիայի ընտրանու հետ ու նվազագույն հաշվով հաղթանակ տարավ։ Առանձնացրել ենք խաղի կարևոր պահերը․

Նախավարժանքի ժամանակ Անդրե Չալըշըրը վնասվածք ստացավ․ մեկնարկային կազմում նրան փոխարինեց Ստյոպա Մկրտչյանը, ով նորամուտի խաղն անցկացրեց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմում։ Մրցակցի նկատմամբ կանոնները խախտելու պատճառով նա 14-րդ րոպեին առաջին դեղին քարտը ստացավ հավաքականում, ապա՝ 83-ին, երկրորդ դեղին քարտով հեռացվեց խաղադաշտից։

13-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը գնդակով առաջ ընթացավ՝ շրջանցելով մրցակցի պաշտպաններին, բայց նրան սահանկումով կանգնեցրեց մրցակցի խաղացողը։ Թեև երկրպագուները 11-մետրանոց էին պահանջում, բայց մրցավարի կարծիքով՝ այդ դրվագում կանոնների խախտում չկար։

18-րդ րոպեին Վահան Բիչախչյանը հեռահար հարվածով բացեց հանդիպման հաշիվը։

Երկրորդ կեսում՝ 68-րդ րոպեին Վահանը ծափողջյունների ներքո լքեց խաղադաշտը՝ իր տեղը զիջելով մեր մյուս նորեկին՝ Արթուր Սերոբյանին։

Հանդիպման 74-րդ րոպեին մեր թիմի առավելությունը կարող էր կրկնապատկել Սպերցյանը, ով գնդակը գեղեցիկ խաղարկեց թիմակցի հետ, սակայն նրա հարվածը որսաց մրցակցի դարպասապահը։

83-րդ րոպեին մեր թիմի՝ տասը հոգով մնալուց հետո մրցակիցը որոշակիորեն սկսեց ակտիվություն դրսևորել, բայց հաջողության հասնել չկարողացավ։ Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականն առաջին հաղթանակը տարավ գարնանային ընկերական խաղերում։ Հաջորդ ընկերական հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ Նորվեգիայում։

Աղբյուրը՝ armsport.am:

  • Կիսվել: