հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Եվրոպական խաղեր. Անուշ Գրիգորյանը պարտվեց մեկնարկում

Եվրոպական խաղեր. Անուշ Գրիգորյանը պարտվեց մեկնարկում

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամ, 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը Լեհաստանում ընթացող Եվրոպական ամառային երրորդ խաղերի մեկնարկում մենամարտել է թուրք Նազ Չակիրօղլուի հետ և 0-5 հաշվով պարտություն կրել երեք ռաունդների արդյունքում:

Աշխարհի գործող չեմպիոնի հետ մենամարտում Անուշ Գրիգորյանը, որը վնասվածքով էր մասնակցում Եվրոպական խաղերին, պայքարեց մինչև վերջ, և առաջին ռաունդը տանուլ տալուց հետո փորձեց իրավիճակը շտկել երկրորդ ու երրորդ ռաունդներում՝ մի քանի դիպուկ հարվածներ հասցնելով մրցակցին, սակայն մենամարտի ելքը շրջել չհաջողվեց:

 Նշենք՝ այսօր՝ հունիսի 27-ին, Եվրոպական խաղերի ծրագրով բռնցքամարտի մրցաշարում 1/8 եզրափակչի իրենց մենամարտերը կանցկացնեն 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը և +92 կգ քաշային Դավիթ Չալոյանը:

Բազեյանը քառորդ եզրափակչի ուղեգրի համար կմենամարտի Լատվիայի ներկայացուցիչ Մատվեյ Պրոկուդինսի, Մադոյանը՝ էստոնացի Պավել Կամանինի, իսկ Չալոյանը՝ չեխ Մարտին Պինչի հետ:

Երեկոյան մրցահերթում պայքարի դուրս կգա նաև Հայաստանի կանանց հավաքականի անդամ Տաթև Խաչատրյանը, որը կմենամարտի ադրբեջանցի Մահսաթի Համզաևայի հետ:

  • Կիսվել: