հինգշաբթի, օգոստոս 13
13 / 8 / 2026
Էդուարդ Սպերցյանի առաջին հարցազրույցն ու խոստումը Ալ-Ահլիի երկրպագուներին

Էդուարդ Սպերցյանի առաջին հարցազրույցն ու խոստումը Ալ-Ահլիի երկրպագուներին

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով վերջերս է համալրել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլիի» կազմը, ակումբի մամուլի ծառայությանը տված իր անդրանիկ հարցազրույցում խոսել է նոր թիմում իր տպավորությունների, ընտրած խաղային համարի և ապագա նպատակների մասին, գրում է armsport.am-ը:

Հայ ֆուտբոլիստը նշել է, որ տեղյակ է ակումբի հարուստ պատմությանը և նպատակադրված է տիտղոսներ նվաճել։

«Նախքան այստեղ գալս, իհարկե, գիտեի, որ սա Ասիայի ամենամեծ ակումբներից մեկն է, որն ունի շատ մեծ պատմություն և բազմաթիվ տիտղոսներ։ Շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար: Ես այստեղ եմ՝ հնարավորինս շատ տիտղոսներ նվաճելու և իմ ընտանիքին ու «Ալ-Ահլիի» բոլոր երկրպագուներին ուրախացնելու համար»,- նշել է Սպերցյանը։

Անդրադառնալով խաղային 8 համարի ընտրությանը՝ կիսապաշտպանն ընդգծել է կապը Հայաստանի ազգային հավաքականի հետ․

«Ես ազգային հավաքականում խաղում եմ այս համարի ներքո, այդ իսկ պատճառով ընտրեցի այն նաև այստեղ»։

Խոսելով Սաուդյան Արաբիայի առաջնության և նոր թիմակիցների մասին՝ Սպերցյանը առանձնացրել է թիմում տիրող ջերմ մթնոլորտը.

«Թիմակիցներիս հետ առաջին հանդիպումն իսկապես հիանալի էր: Մթնոլորտը բարձր մակարդակի վրա է, բոլորն ընկերների պես են, ինչը շատ կարևոր է ֆուտբոլում։ Ես չեմ կարող առանձնացնել մեկ խաղացողի, ում հետ ամենամոտն եմ շփվում, մենք բոլորս միասին ենք՝ որպես մեկ միասնական թիմ։ Ինչ վերաբերում է առաջնությանը, ապա իհարկե, այն բարդ լիգա է, ես գիտեմ դա: Հիմա մենք պետք է մինչմրցաշրջանային հատվածում քրտնաջան աշխատենք և պատրաստ լինենք մեր առջև դրված բոլոր մրցաշարերին»։

Հարցազրույցի վերջում հայ կիսապաշտպանը հատուկ ուղերձով դիմել է ակումբի բազմահազար երկրպագուներին.

«Գիտեմ, որ ակումբը մեծաքանակ և հիանալի երկրպագուների բանակ ունի։ Երբ դիտում էի որոշ խաղեր և տեսանյութեր, պարզապես ապշած էի. դրանով ես հասկանում եմ, թե ինչու է ակումբը տիտղոսներ նվաճում: Անհամբեր սպասում եմ մարզադաշտում իմ առաջին խաղին։ Կանենք առավելագույնը, քրտնաջան կաշխատենք հաղթելու և նրանց հետ տոնելու համար»,- ասել է Սպերցյանը՝ խոսքը եզրափակելով ակումբի արաբերեն կարգախոսով. «Վա աբր ալ-զաման սանամդի մա’ան» (Եվ ժամանակի միջով մենք միասին կքայլենք)։

  • Կիսվել: