Էական չէ՝ ինչ գույնի կամ որ մարզաշապիկով ես խաղում. մենք խաղում ենք մեր երկրի համար․ Սպերցյան
Վաղը՝ սեպտեմբերի 25-ին, Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի C2 խմբի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Լատվիայի ընտրանուն, գրում է armsport.am-ը:
Նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հարցերին պատասխանել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, սաուդյան «Ալ Ահլիի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
Ակումբային մրցելույթների և հավաքական վերադառնալու մասին
Խոսելով Սաուդյան Արաբիայում իր ելույթների ու հարմարվողականության մասին՝ հայ կիսապաշտպանը նշել է, որ առաջնությունը բավականին բարդ է.
«Շատ մրցաշարեր կան, խաղում ենք երեք-չորս օրը մեկ։ Թիմը լավն է, համալրված ուժեղ խաղացողներով։ Ես փորձ եմ ձեռք բերում և շարունակում եմ աշխատել։ Շատ էի կարոտել հավաքականը։ Միշտ ասել եմ, որ հավաքականի համար խաղալը մեծ պատիվ և հպարտություն է»։
Լատվիայի դեմ խաղի և մարտական տրամադրվածության մասին
Անդրադառնալով առաջիկա մրցավեճին՝ Սպերցյանն ընդգծել է, որ թիմը չի կենտրոնանում նախորդ հանդիպումների վրա.
«Մեր առջև չորս խաղ է, ծրագիրը դժվար է, բայց մենք պատրաստ ենք։ Լատվիայի հետ շատ ենք խաղացել, սակայն անցյալին չենք նայելու։ Ապրում ենք նորով, և վաղը բոլորովին այլ խաղ է լինելու։ Թիմի վերաբերմունքը մարտական է, մթնոլորտը՝ հիանալի։ Շատ բան կախված է մեզանից. եթե մեր աշխատանքը լավ կատարենք, ամեն ինչ կստացվի»։
Արթուր Ղարիբյանի մասին
Անդրադառնալով թիմի նորեկ Ղարիբյանին, Սպերցյանն ասել է․
«Զրուցել եմ Արթուր Ղարիբյանի հետ, երիտասարդ ու տաղանդավոր ֆուտբոլիստ է, ում մեծ ապագա է սպասվում։ Ուրախ եմ, որ նա միացել է ազգային հավաքականին»:
Նոր մարզաշապիկի մասին
Խոսելով նաև ազգային թիմի նոր մարզաշապիկի մասին՝ ավագը հավելել է.
«Մարզաշապիկը հիանալի է, բայց իրականում ինձ համար էական չէ՝ ինչ գույնի կամ որ մարզաշապիկով ես խաղում. մենք խաղում ենք մեր երկրի համար։ Տա Աստված՝ հաղթական մարզաշապիկ լինի։ Վստահ կարող եմ ասել, որ վաղվա խաղը Հայաստանի հավաքականի պատմության նոր էջ կլինի»։
Եղիշե Մելիքյանի և Էդուարդ Սպերցյանի նախախաղային ասուլիսը՝ ստորև․
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված է Ազգերի լիգայի C2 խմբում, որտեղ մեր ընտրանու մրցակիցներն են Լատվիայի, Չեռնոգորիայի և Կիպրոսի հավաքականները։ Վաղը կայանալիք Հայաստան — Լատվիա հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին:



