Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի հավաքականից հեռանալու և Մխիթարյանի մասին
Ուկրաինայի վաստակավոր մարզիչ, Ուկրաինայի ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, մանկապատանեկան ֆուտբոլի առաջատար մասնագետներից մեկը՝ Ալեքսանդր Պետրակովը, 2021-ին գլխավորեց Ուկրաինայի հավաքականը, 2 տարի անց էլ՝ Հայաստանի ազգային հավաքականը։ Նրա օրոք Հայաստանի հավաքականը լավ հնարավորություններ ուներ դուրս գալու Եվրո 2024-ի եզրափակիչ փուլ, բայց չհաջողվեց։
2024թ․ աշնանը հավաքականից հեռանալուց հետո ուկրաինացի մասնագետն իր առաջին հարցազրույցում NEWS.am Sport-ի թղթակից Վերա Մարտիրոսյանին պատմել է Հայաստանի հավաքականում աշխատելու տարիների մասին, ազգային թիմում առկա խնդիրների և իր հեռանալու մասին:
Պարոն Պետրակով, շատ շնորհակալ եմ, որ համաձայնեցիք հարցազրույց տալ: Գիտեմ, որ չեք տալիս հարցազրույցներ: Շատ հարցեր կան Ձեզ տալու: Սկսենք սկզբից: Երբ Դուք գլխավորեցիք մեր հավաքականը այդ հատվածում մենք պարտվում էինք Ուկրաինային 0:5 հաշվով: Առջևում էլ Թուրքիայի հետ կարևոր հանդիպումներն էին: Իսկ թուրքերի հետ խաղերը, երևի՝ գիտեք մեզ համար միշտ շատ կարևոր են եղել: Ի՞նչը նպաստեց, որ ընդունեք հավաքականը գլխավորելու որոշումը:
Ինձ զանգեց Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը: Մենք նրա հետ երկար խոսեցինք: Հավաքականի շատ խաղեր դիտեցի: Հասակացա, որ հեշտ ընթացք չի սպասվում: Ինձ շատերը հակառակն էին համոզում, ասում էին, որ ձախողման դեպքում, դա կլինի իմ կարիերայի ավարտը: Այդպես էլ եղավ: Այժմ ես ոչ մի տեղ չեմ աշխատում: Բայց ոչ մի բանի համար չեմ զղջում:
Հավաքականը գլխավորելու մի քանի պատճառ կար. ես ցանկանում էի աշխատել ազգային հավաքականում, լեզվական խնդիր չէր լինի՝ Հայաստանում բոլորը խոսում են ռուսերեն, և ես շատ էի ցանկանում թիմի հետ դուրս գալ Եվրո-2024:
Կարծում եմ՝ չեք մոռացել, որ Թուրքիային տանը պարտվելուց հետո տրիբունաները ծափահարում էին Ձեր թիմին: Նման բան հազվադեպ է լինում:
Այո, ես մեծ աջակցություն ստացա: Թե՛ ֆուտբոլիստներից, թե՛ երկրպագուներից․ խաղից հետո փողոցում երկրպագուները մոտենում էին և աջակցում:
Եվրո-2024-ի խմբային փուլում Հայաստանի հավաքականը եզրափակիչ փուլ դուրս գալու լավ շանսեր ուներ: Մենք մեկնեցինք Լատվիա՝ ունենելով յոթ միավոր: Այնտեղ կրեցինք 0:2 հաշվով ցավալի պարտություն, և ամեն բան փոխվեց: Ի՞նչը Լատվիայում այնպես չգնաց:
Իմ բախտը չբերեց: Ես հիվանդացա: Ինչ-որ վիրուսով վարակվեցի, պառկեցի և կորցրի վերահսկողությունը թիմի նկատմամբ կենցաղի մեջ: Կարծում եմ՝ ամեն բան սկսվեց դեռ խաղից առաջ: Թիմը, ինչպես ասում են, ժամանակից շուտ ոգևորվեց: Խաղի օրը հյուրանոց էին գալիս հայ երկրպագուներ և նշում հաղթանակը: Մերոնք թերագնահատեցին Լատվիային: Հենց այդպես էլ տրամադրված դուրս եկանք խաղադաշտ: Չօգտագործինք մեր պահերը, բաց թողեցինք գոլեր: Վերջին հաղում էլ Ուելսի հետ չկարողացանք հաջողության հասնել և բաց թողինք մեր հնարավորությունը:
Բարսեղյանի Ձեր հարաբերությունների մասին հետ շատ է խոսվել: Ձեր օրոք նա այլևս չէր ստանում հրավեր:
Ես չէի ցանկանա այդ մասին խոսել: Ես երբեք իր մասին վատը չեմ խոսել, որքան գիտեմ՝ նա էլ իմ մասին: Գիտեմ՝ որ ինձ շատ էին քննադատում նրան չհրավիրելու համար: Բայց իմ համար միշտ առաջնային եղել է թիմը, ոչ թե անձը: Թիմում պետք է լինի թիմային ոգի, միասնականություն: Ֆուտբոլը դա թիմային սպորտաձև է: Եւ եթե մեկ ֆուտբոլիստ իր ամբիցիաները ավելի բարձր է դասում, քան թիմը, ես ընտրում եմ թիմը: Այդ ժամանակ ես սկսեցի շեշտը դնել երիտասարդ ֆուտբոլիստներ Սերոբյանի, Բիչախչյանի և Սևիկյանի վրա: Իսկ առհասարակ՝ չեմ սիրում երբ աղբը տնից դուրս են հանում:
Մենք հիշում ենք Ձեր արցունքները Ուելսի հետ վերջին խաղի ժամանակ:
Այո, դա այն պահն էր, երբ Թիկնիզյանը ինքնագոլ արեց, երբ ես հասկացա, որ մենք բաց թողինք մեր հնարավորությունը և ցավ զգացի: Ես անկեղծ շատ էի ցանկանում, որ մենք դուրս գայինք խմբից: Մենք շատ մոտ էինք:
Ձեր պաշտոնանկությունը սպասելի՞ էր Ձեր համար:
Ֆարեյան կղզիների հետ ոչ ոքիից հետո, ես հասկացա, որ դա արդեն վերջն է: Եվրոպայի առաջնության խմբային փուլում ՀՖՖ-ն իմ առջև դրել էր խմբում վերջին տեղը չգրավելու պահանջը։ Իսկ ահա Ազգերի լիգայում ամբիցիաները փոխվեցին: Պետք էր դուրս գալ խմբից: Ֆարերների հետ ոչ ոքին համարվեց խայտառակություն: Բայց այդ ժամանակվա Ֆարերները այդքան էլ թույլ թիմ չէին: Խաղից հետո ինձ մոտեցան Թիկնիզյանն ու Սպերցյանը և ասացին՝ մարզիչ մենք քեզ պահպանեցինք: Բայց դե ղեկավարությունն ինձ ասաց՝ ևս մեկ պարտություն և վերջ: Հետո եղավ Հյուսիսային Մակեդոինիայից պարտությունը: Խաղից հետո ինձ մոտեցավ Մելիքբեկյանը և ասաց, որ ես հեռացված եմ հավաքակնից: Այդպես ամեն բան ավարտվեց: Ինձ անգամ ոչ ոք հաջողություն չարեց։ Մենք լավ հարաբերություններ ունեինք ՀՖՖ ղեկավարների հետ: Չգիտեմ՝ ինչու այդպես եղավ վերջում: Ես գնացի օդանավակայան: Այնտեղ տարբեր հայեր մոտեցան, բարի խոսքեր ասացին, ու ես մեկնեցի: Ես ոչ մեկից նեղացած չեմ: Շատ շնորհակալ եմ Հայաստանի հավաքակնի հետ աշխատելու հնարավորության և մարդկանց վերաբերմունքի համար:
Գուցե եթե ինձ մի փոքր էլ ժամանակ տային աշխատելու, ինձ կհաջողվեր լավ թիմ կառուցել: Բայց պատմությունը եթեներ չի սիրում:
Որքա՞ն ժամանակ է պետք տալ մարզչին: Գալիս է նոր մարզիչ, ջախջախիչ պարտություններ կրում և տարուց ավելի խոսում է, որ թիմ է կառուցում: Որքա՞ն է հնարավորություն տալու օպտիմալ ժամանակահատվածը:
Դա շատ անհատական է: Կարծում եմ՝ ՀՖՖ-ի ղեկավարությանն էլ ճնշում են վերևներից: Բոլորը ուզում են, որ հավաքականը ցույց տա արդյունքներ: Ես խոսքի մեջ շատ եմ ասել, որ անգամ եթե դուրս գանք Եվրո-2024, մենք այնտեղ շանսեր չունենք: Մենք չունենք այդքան ռեսուրս: Բայց, իհարկե, այդպիսի բաներ լսել ոչ ոք չի ցանկանում:
Հասկանո՞ւմ եք՝ անհնար է կառուցել թիմ առանց ամուր հիմքի: Դուք ունեցել եք ոսկե սերունդ: Վստահ եմ՝ դեռ էլի կունենաք: Շուտով ընդունելու եք աշխարհի Մ-20 առաջնությունը, դա պետք է օգնի ձեզ:
Ինչո՞վ է օգնում ֆուտբոլի զարգացմանը երկրում առաջնություն ակցկացնելը:
Կկառուցվեն մարզադաշտեր, խաղադաշտեր: Հայաստանը պետք է ընդունի բազմաթիվ հավաքականների, պատվիրակությունների:Պատրաստ լինի այդ ամենին: Մհեր Միրումյանը, ով ինձ հետ աշխատում էր հավաքականի շտաբում, պատրաստում է պատանեկան հավաքականը աշխարհի առաջնությանը։
Ձեր ժամանակ ի՞նչ կադրային խնդիրներ կային հավաքականում:
Մենք առաջին երկու խաղերը անցկացրինք մարտին, և ես հասկացա, որ ունենք դարպասապահի խնդիր: Հանդիպեցինք Օգնյեն Չանչարևիչի հետ: Նա արդեն երկար ժամանակ խաղում էր Հայաստանի առաջնությունում և սիրով համաձայնեց միանալ հավաքականին: Հայաստանի հավաքականի ցավոտ թեման կենտրոնական հարձակվողի խնդիրն է: Յուրա Մովսիսյանի գնալուց հետո հավաքականը չի ունեցել ոժեղ հարձակվող: Կարծես ՝ հիմա «Սանդերլենդում» են գտել այդ դիրքի հայ ֆուտբոլիստի: Մի պահ Ռանոսն էր: Բայց հետո նա թուլացավ: Ես իրեն ասում էի, որ փոխի ակումբը, վարձավճարով հանդես գա, բայց նա չէր ցանկանում: Լատինական Ամերիկայի տղաները՝ Բրիասկոն և Սելարյանը միշտ դժգոհում էին, որ աշխարհի մյուս ծայրից գալիս էին ու չէին հասցնում վերականգնվել: Կար նաև Միրանյանը: Ես նրան գիտեի Ուկրաինայի երիտասադրական հավաքականից: Նա ասում էր այն ժամանակ, որ ցանկանում է խաղալ Հայաստանի հավաքականում: Իմ ժամանակ նա խաղաց 13 խաղ կարծեմ, բայց այդպես էլ գոլ չխփեց: Ես միշտ նրան ասում էի՝ ե՞րբ ես վերջապես խփելու, սպասում ենք: Ասում էր՝ հեսա-հեսա կխփեմ: Չխփեց: Իմ ժամանակ սկսեցին հավաքականը հրավիրվել Իվուն, Ռանոսը, Թիկնիզյանը, Մուրադյանը, Սևիկյանը, Հարությունյանը և Էրիկ Փիլոյանը: Վերջինի մասին Մելիքբեկյանը ինձ միշտ կատակով ասում էր, որ ես այն սնահավատությանն եմ հավատում, որ խարտյաշ ֆուտբոլիստը թիմին հաջողություն է բերում: Հիմա Փիլոյանն արդեն հիմնական կազմի ֆուտբոլիստ է։
Բոլոր մարզիչներին հարցնում են Մխիթարյանի մասին:
Իսկ ի՞նչ ասեմ նրա մասին: Ես իր հետ չեմ խոսել, բայց ծանոթներիս խնդրել եմ, որ նրա հետ խոսեն: Նա ասել էր, որ չի փոխի իր որոշումը:
Կադրայինից բացի ի՞նչ խնդիրներ կային հավաքականում:
Գիտեք, հայ երիտասարդ ֆուտբոլիստները ժամանակից շուտ են ինքնավստահություն ձեռք բերում, կորցնում մոտիվացիան: Բայց դրա փոխարեն պետք է քրտնաջան աշխատել: Կար նաև կարգապահության խնդիր: Դեպք էր եղել, որ ֆուտբոլիստը առանց զգուշացնելու լքել էր բազան: Ես իմացա, բարկացա: Խոսեցինք, և նա հասկացավ: Ասում էի՝ եթե շտապ պետք լինի լքել մարզաբազան, անպայման զգուշացրեք։ Կարծում եմ՝ երիտասարդ հայ ֆուտբոլիստները պետք է կարդան Մխիթարյանի կեսնագրությունը: Այստեղ՝ Ուկրաինայում, նա, արդեն հայտնի լինելով, ապրում էր մարզաբազայում՝ շատ համեստ կյանքով:
Հայերի հետ ավելի շատ գործում է մտրակի՞, թե՞ քաղցրաբլիթի տարբերակը:
Այնպես չէ, որ միշտ մտրակ է պետք: Մենք պետք է խաղայինք Ուելսի հետ դրսում: Խաղից երկու օր առաջ ես առավոտյան տղաներին մի քանի ժամով ազատ թողեցի՝ մեկը գնաց տուն, մյուսը՝ իր գործերով։ Դա շատ օգնեց թիմին։ Ինչպես հիշում եք՝ հաղթեցինք։
Հետևո՞ւմ եք Հայաստանի հավաքականի խաղերին:
Իհարկե, և հաջողություններ եմ մաղթում:
Ես ինչքան շփվում եմ երկրպագուներևի հետ, միշտ Ձեր մասին դրականն եմ լսում: Ձեր ժամանակ չկային խոշոր հաշվով պարտություններ և կար խաղային ձեռագիր:
Ես դա միշտ զգացել եմ, ու ես էլ եմ շնորհակալ այն ջերմության համար, որ ստացել եմ: Շատ էի ուզում ուրախացնել հայ երկրպագուներին և չհիասթափեցնել։ Ամենաջերմ բարեմաղթանքներս ձեր ազգին: Այն, ինչ ես ապրել եմ Հայաստանում, այն ջերմությունը, որ ստացել եմ միշտ կմնա իմ սրտում: Հայ ազգին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում։



