ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Զոհված կամ հաշմանդամության կարգ ստացած զինծառայողի ուսանող զավակի վարձը լրիվ կփոխհատուցվի

Զոհված կամ հաշմանդամության կարգ ստացած զինծառայողի ուսանող զավակի վարձը լրիվ կփոխհատուցվի

ՀՀ ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է ֆիքսել, որ ուսման վճարի լրիվ փոխհատուցում կստանան նաև ուսումնառության ընթացքում որոշակի կարգավիճակ ստացած անձինք, ավելի կոնկրետ՝ զինծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաև զոհված զինծառայողների մինչև 27 տարեկան զավակները: 

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

Նախագծով առաջարկվում է օրենքի 67-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով. «Պետությունը Հայաստանի Հանրապետության հավատարմագրված ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում այն սովորողներին, որոնք ուսումնառության ընթացքում ձեռք են բերել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգավիճակ,  տրամադրում է ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»:

Թռչունյանը պարզաբանեց՝ այսպիսով, ուսման վարձի լրիվ փոխհատուցում կտրվի ոչ միայն այդ կարգավիճակով ընդունվածներին, այլ նաև այն ուսանողներին, որոնք ուսումնառության ընթացքում են ձեռք բերել այդ կարգավիճակը: Սա ֆիքսվում է, որ տարընկալում չլինի: «Մենք ուզում ենք, որ սովորողները նույնպես ունենան լրիվ փոխհատուցում ստանալու հնարավորություն: Մասնավորապես, երբ ունենք պատերազմի հետևանքներով բազմաթիվ խնդիրներ և ունենք ընտանիքներ, որոնք նման կարգավիճակ ունեն»,- ասաց փոխնախարարը:

Օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ պետությունը երաշխավորում է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների մինչև 27 տարեկան զավակների ընդունելությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ուսումնական հաստատություններ` ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով, քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Թռչունյանը տեղեկացրեց, որ այս տարի նման կարգավիճակով 30 հոգի են ընդունվել բուհեր:

  • Կիսվել: