երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Զինծառայողների Երևանի թիմը հաղթել է Բանակի օրվան նվիրված ինտելեկտուալ մրցույթում

Զինծառայողների Երևանի թիմը հաղթել է Բանակի օրվան նվիրված ինտելեկտուալ մրցույթում

Հունվարի 28-ին, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի աջակցությամբ Գյումրու Մարզամշակութային Ներառական Կենտրոն ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ «Ե´կ մտածենք» ինտելեկտուալ խաղը: Ամենամյա խաղի 8-րդ հանդիպումը նվիրված էր Հայոց բանակի օրվան. մասնակիցները 2016 թվականի քառօրյա և 2020 թվականի արցախյան պատերազմների 18-30 տարեկան զինծառայողներն էին:

Մարզամշակութային Ներառական Կենտրոն ՀԿ-ի ծրագրերի  ղեկավար Անահիտ  Կիրակոսյանը նշում է, որ խաղի նպատակն էր ներգրավել որքան հնարավոր է շատ զինծառայողների.

«Հատկապես  այս օրվան նվիրված միջոցառումով և սոցիալական ծրագրերով ցանկանում ենք ներգրավել շատ զինծառայողների, որպեսզի նրանք ինչ-որ կերպ կտրվեն առօրյա հոգսերից, շփվեն ու ճանաչեն միմյանց, ձեռք բերեն նոր ընկերներ»:

Երևանի, Գյումրու և Վանաձորի թիմերն իրենց  ուժերը փորձեցին ինտելեկտուալ տարբեր վարժություններում, հարց-պատասխանի ձևաչափով խաղում տղաները ցուցաբերեցին ակտիվ մասնակցություն:

«Շատ ուրախ ենք, որ նմանատիպ միջոցառումներ են կազմակերպվում, քանի որ ամբողջությամբ մտնում ենք խաղի մեջ, անընդհատ մտածում ենք, դա էլ օգնում է կտրվել մեր  պատերազմական  հիշողություններից»,- ասում է Երևանի թիմից Նարեկ Պողոսյանը:

Այվազյան Նվերի հավաստմամբ էլ՝

«Եթե անգամ չհաղթենք, միևնույն է բոլորս  հեռանալու ենք նոր գիտելիքներով: Բացի այդ՝ այս տեսակ միջոցառումներն օգնում են նոր ընկերներ ձեռք բերել, ճանաչել պատերազմի մասնակից  մեր մյուս եղբայրներին»:

Համառ պայքարի արդյունքում հաղթեց Երևանի թիմը: Բոլոր մասնակիցները ստացան մասնակցության վկայականներ:

  • Կիսվել: