հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Ժողովուրդ»․ Բուժհաստատությունում չեն կարողանա ախտորոշել՝ նա Կորոնավիրուսով վարակված է, թե ոչ․ լաբորատոր թեստեր չկան

«Ժողովուրդ»․ Բուժհաստատությունում չեն կարողանա ախտորոշել՝ նա Կորոնավիրուսով վարակված է, թե ոչ․ լաբորատոր թեստեր չկան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Թեեւ Կորոնավիրուսը, ըստ պաշտոնական տեղեկությունների, Հայաստան չի ներթափանցել, արդեն հասցրել է անհանգստացնել ՀՀ քաղաքացիներին: Այս օրերին մեր հայրենակիցները սկսել են զգուշանալ չինական ծագում ունեցող ամեն ինչից, անգամ չինական ռեստորաններ չեն գնում: Քաղաքացիների դժգոհությունների հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը շրջեց Երեւանում գործող մի քանի չինական ռեստորաններում: Թեեւ աշխատակիցները մեզ հետ զրույցում պնդեցին, որ որեւէ խնդիր չկա, այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ հիմնականում ռեստորանները դատարկ էին:

ՀՀ քաղաքացիների մյուս անհանգստությունը կապված է չինական տեխնիկայի հետ: Զրուցեցինք «ՎԻ ԷԼ ՎԻ» ցանցի ներկայացուցչի հետ, ով ասաց, որ սառնարանի հետ չի կարող վարակը ներթափանցել: Նույնպիսի վստահությամբ պատասխանեցին նաեւ փոխադրող «Գլոբբինգ» ընկերությունից: Հայաստանցիների գերակշիռ մասը ծանրոցներ ստանում է Չինաստանից «Գլոբբինգ»-ի միջոցով: Բայց այս իրավիճակում մտահոգիչ է մեկ այլ իրողություն: Հայաստանում նոր Կորոնավիրուսի բացահայտման լաբորատոր թեստեր չկան: Այսինքն՝ եթե անձը բարձր ջերմությամբ մոտենա հիվանդանոց, ապա բուժհաստատությունում չեն կարողանա ախտորոշել՝ նա Կորոնավիրուսով վարակված է, թե ոչ: Բայց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի կարծիքով՝ այս պահին Հայաստանում դեռեւս թեստերի անհրաժեշտություն չի եղել, ու, ըստ էության, պարզ էլ չէ՝ երբ հնարավոր կլինի ունենալ դրանք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: