երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
Առեղծվածային մահվան դեպք Կոտայքի մարզում. անտառում հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու մարմին

Առեղծվածային մահվան դեպք Կոտայքի մարզում. անտառում հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու մարմին

Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժին է ահազանգել Ս. Մ.-ն և հայտնել, որ Աղվերանի անտառում ծառից կախված դի է հայտնաբերել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Իսկանդարյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ Արզական-Աղվերան լեռնային նստավայր կոչվող տարածքում՝ անտառային հատվածում, հայտնաբերվել է Ռուսաստանի դաշնության քաղաքացի 22-ամյա Բոգդան Ս.-ի դին։

Դեպքի մասին ոստիկանության Չարենցավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սիսակ Հայրապետյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Ս. Մ.-ն աշխատում է «Հայանտառ» ընկերության Հրազդանի ավագ անտառապետ։

  • Կիսվել: