Ռուբիոն վստահեցնում է՝ Վաշինգտոնը շարունակում է Կիևին հետախուզական տվյալներ տրամադրել առանց ընդհատման
Վաշինգտոնը շարունակում է Կիևին հետախուզական տվյալներ տրամադրել առանց ընդհատման: Այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ հավելելով, որ ինքը չգիտի, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որտեղից է խոսում այն մասին, թե ԱՄՆ-ն դադարեցրել է նման տվյալների տրամադրումը:
Մեկնաբանելով հաղորդագրություններն այն մասին, որ անցած գիշեր Ուկրաինան ԱՄՆ-ից նախազգուշացում չի ստացել ռուսական հարվածների մասին՝ Ռուբիոն հայտարարել է, որ չգիտի, թե ինչ է տեղի ունեցել: Միաժամանակ նա նշել է, որ մի քանի օր առաջ նախազգուշացման համակարգում ծրագրային խափանում է տեղի ունեցել։
ԱՄՆ պետքարտուղարը բացատրել է նաև ռուսական դիզվառելիքի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու Թրամփի որոշումը: «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռուսական դիզելին թույլ է տվել համաշխարհային շուկա մտնել՝ հանուն սեփական երկրի շահերի, այլ ոչ թե Ռուսաստանին օգնելու կամ Ուկրաինային վնասելու համար»,- հայտարարել է Ռուբիոն: Նա նշել է, որ Թրամփը բոլոր որոշումները կայացնում է՝ հիմք ընդունելով ԱՄՆ շահերը:
Խոսելով ուկրաինական հակամարտության մասին՝ Ռուբիոն հայտարարել է, որ իրավիճակը շարունակում է բարդ մնալ, սակայն Միացյալ Նահանգները դեռ պատրաստ է նպաստելու կարգավորմանը:
ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ չնայած ուկրաինական հակամարտության ավարտը տեսնելու Միացյալ Նահանգների ցանկությանը՝ Վաշինգտոնն աշխարհում ուրիշ առաջնահերթություններ էլ ունի, որոնց վրա ներկայումս կենտրոնացած է։



