երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ժաննա Անդրեասյանը պետք է հեռանա. ակցիա՝ ընդդեմ 7–րդ դասարանի դասագրքի

Ժաննա Անդրեասյանը պետք է հեռանա. ակցիա՝ ընդդեմ 7–րդ դասարանի դասագրքի

7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագիրքը չեղարկելուն ուղղված «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» միջոցառումների շարքի նախաձեռնող խումբը բողոքի ակցիա է իրականացրել ԿԳՄՍ նախարարության դիմաց՝ պահանջելով նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականը։

Ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներ՝ «Պաշտպանի պատմությունդ Ժաննայից», «Կրթենք արժանապատիվ սերունդ»:

Նախաձեռնության անդամներից Հայաստանի ժողովորդական շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանը հայտարարեց. «Դա բավականին խնդրահարույց դասագիրք է, մասնագետները, ակադեմիկոսները, ուսուցիչները, ծնողները բոլորը դեմ են այդ դասագրքին։ Դրա համար մենք նախաձեռնեցինք «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» միջոցառումների շարքը, քննարկումներ իրականացրեցինք, ժամանակ տվեցինք նախարարին, որ ընդառաջի ու խոտանի այն, ինչը պիտանի չէ։ Նախարարությունից որևէ պատասխան, արձագանք չստացանք, դրա համար այսօր այստեղ հրավիրեցինք մի փոքր հավաք, նախարարին ենք ուզում հանձնել իր ազատման դիմումի օրինակը, որի տակ պետք է ստորագրի ու հրաժարական տա։

Եթե հրաժարական չտա, մենք մեր քայլերը գիտենք, հետևողական ենք լինելու, հասնելու ենք իր հրաժարականին»:

Նա ընդգծեց, որ պետք է խոտանել այդ դասագիրքը, քանի որ կիսատ գրքով, կիսաճշմարտությամբ չի կարելի սերունդներ դաստիարակել. «Կիսաճշմարտությունը կործանում է մեր ապագան: Երբ պատանիներին կեղծ տեղեկատվություն են տալիս, նա սկսում է շթոփվել, չի կարողանում համակարգային մտածել։ Այն, ինչ անում է այս իշխանությունը, համադրումներ է անում, ոչնչացնում այն, ինչը պետք է տրվի երեխաներին ու ժողովրդին»:

«Նախարարությունը հայտարարել է, որ ուզում է ներդիր դնել այդ դասագրիք մեջ, սակայն դա էլ մինչ հիմա չկա։ Այսինքն նախարարությունը կիսատ գործ է արել, ուշադրած ներկայացրել է դասագիրքը, հետո հետաձգեց ամեն ինչ: Իրենք կործանում են, պետք է առնել դրա դեմը։ Մենք կատակ չենք անում, գնալու ենք մինչ վերջ»,- ասաց Պետրոսյանը։

Նա նշեց, հիմա իրենց դիմումը կհանձեն, 24 ժամում եթե պատասխան չստանան, չորեքշաբթի օրվա երկրորդ կեսին կհավաքվեն այստեղ ու կկատարեն իրենց հետագա միջոցառումները։

«Նրանք մի դասագիրք են դրել սեղանին, որը Թուրքիայի պատվերն է, ուզում են Սահմանադրություն փոխել, որն էլի Թուրքիայի պատվերն է»,- ասաց Պետրոսյանը։

  • Կիսվել: