երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
10 առարկաների մասով դասագրքեր չեն երաշխավորվել. նախապես ասվել է, որ ուսուցումը կազմակերպեն հին դասագրքերով. նախարար

10 առարկաների մասով դասագրքեր չեն երաշխավորվել. նախապես ասվել է, որ ուսուցումը կազմակերպեն հին դասագրքերով. նախարար

Բոլոր դասագրքերը, որոնք պետք է տպագրված լինեին, տպագրված են եղել եւ տրամադրվել են դպրոցներին մինչեւ սեպտեմբերի 1-ը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով դպրոցական դասագրքերի տպագրությանը:

Դիտարկմանը, որ կան բողոքներ, որ որոշ դասագրքեր դպրոցները չեն ստացել օգոստոսի վերջին եւ սեպտեմբերի սկզբին, նախարարը պահանջեց նշել օրը եւ դպրոցը:

Հարցին՝ կարո՞ղ է հիմա նախարարը պնդել, որ որեւէ դպրոցում որեւէ դասագրքի խնդիր չկա, Անդրեասյանը պատասխանեց. «Մենք բոլոր դասագրքերը, որոնք մրցույթի արդյունքներով երաշխավորվել էին եւ պետք է տպագրվեին եւ լինեին դպրոցներում, դրանց բոլորի տպագրությունը կազմակերպվել է սահմանված ժամկետում եւ  դրանք բոլորը եղել են դպրոցներում մինչեւ սեպտեմբերի 1-ը: Եղել են 10 առարկաներ, որոնցով դասագիրք չի երաշխավորվել: Կամ չի ներկայացվել մրցութային գործընթացում հայտ, կամ ներկայացվել է, բայց դրական եզրակացություն չի ստացվել: Այդ 10 դասարանների համար դպրոցներին նախապես դեռեւս օգոստոսին տեղեկացվել է, որ ուսուցումը կազմակերպեն հին դասագրքերով: Այսինքն եթե քիմիայի 10-րդ դասարանի համար նոր դասագիրք չի տպագրվել, պետք է կրթությունը կազմակերպվեր նախորդ տարվա դասագրքով: Այստեղ եւս, որեւէ խնդիր  չենք ունեցել, որովհետեւ առկա են դասագրքերը:

Երեք առարկաների մասով, որոնցից մեկը 10-րդ դասարանի պատմությունն է եւ երկուսը 7-րդ եւ 8-րդ դասարանի թվային գիտություն, համակարգչային գրագիտություն առարկան է, մենք նյութեր ենք տրամադրել Տավուշի մարզում գործածված նյութերը: Ընդ որում, այս առարկաների մասով դասագիրքը պայմանական է, քանի որ հիմնական աշխատանքները պետք է գործնական բնույթ կրեն»,- հայտարարեց նախարարը:

  • Կիսվել: