շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
«ՎրացԻնֆորմ»-ի գլխավոր խմբագիրը դիմել է Վրաստանի նախագահին՝ Վովա Հարությունյանին ներում շնորհելու խնդրանքով

«ՎրացԻնֆորմ»-ի գլխավոր խմբագիրը դիմել է Վրաստանի նախագահին՝ Վովա Հարությունյանին ներում շնորհելու խնդրանքով

«ՎրացԻնֆորմ»-ի գլխավոր խմբագիր Առնո Խիդիրբեգիշվիլին իր ֆեյսբուքյան էջում գրառմամբ դիմել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:

Նա նախագահին խնդրել է ներում շնորհել ԱՄՆ նախկին նախագահ Բուշի դեմ մահափորձ կատարելու մեջ մեղադրվող Վովա Հարությունյանին:

«Տիկին Սալոմե, հիշե´ք ձեր մորը, Դուք ինքներդ ևս մայր եք: Դուք չե՞ք խղճում Վովա Հարությունյանի 78-ամյա մորը՝ տիկին Ազային, որը ողջ տարին՝ շոգին ու ցրտին, պլաստիկ տոպրակներ է վաճառում շուկայում: Առնվազն մեկ բարի գործ կատարեք. ներո´ւմ նրա որդուն, որն իր կյանքի 19 լավագույն տարիներն անցկացրեց բանտում չկատարած հանցագործության համար:

Հավատացե´ք ինձ, Հարությունյանը ձեզանից շատ ավելի ճանաչված է մեր ժողովրդի շրջանում, նա ոչ պակաս օտար լեզուներ գիտի, քան Սաակաշվիլին: Այսինքն, եթե նա մասնակցի Վրաստանի նախագահական ընտրություններին, մրցակիցներ չի ունենա»,- գրել է նա:

Ինչպես հայտնի է՝ դեռ  Սաակաշվիլիի կառավարման տարիներին թբիլիսիաբնակ 27-ամյա Վովա Հարությունյանին մեղադրեցին 2005թ. մայիսի 10-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի նկատմամբ իրականացրած ահաբեկչության մեջ: «Ահաբեկչին» անմիջապես հայտնաբերել ու ձերբակալել էին: Ըստ տարածված տեղեկության՝  վերջինս ընդունել էր մեղադրանքն ու դատապարտվել ցմահ ազատազրկման:

Նշենք, որ դատապարտյալի մայրը, նրան ճանաչողներն ու վրացական հանրության մի մասը թերահավատությամբ վերաբերվեցին Հարությունյանին առաջադրված մեղադրանքին, սակայն առայսօր նրան ներում շնորհելու խնդրանքով նախագահին դիմել են միայն Հարությունյանի մայրն ու Առնո Խիդիրբեգիշվիլին:

  • Կիսվել: