հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Վերապատվաստման համար սահմանվել է 6-ամսյա ժամկետ

Վերապատվաստման համար սահմանվել է 6-ամսյա ժամկետ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում անդրադարձել է այն հարցին, թե երբ է ցուցված վերապատվաստվելը։

«Մենք պետք է հետևենք ընդհանուր պաշտոնական, մասնագիտական ցուցումներին։ Այդ ցուցումները հստակ են՝ վերապատվաստման համար, այսինքն՝ խթանիչ դեղաչափը ստանալու համար, սահմանել ենք 6-ամսյա ժամկետ։ Քաղաքացին երկրորդ դեղաչափը ստանալուց 6 ամիս հետո կարող է ստանալ խթանիչ դեղաչափը՝ բուստերը։ Նախարարի հրամանով արդեն իսկ սահմանվել են աղյուսակները, թե ինչպես, որ պատվաստման դեպքում է նախընտրելի խթանիչը կիրառել»,- ասաց Ավանեսյանը։

Նախարարը շեշտեց, որ պատվաստումներն անվտանգ են և արդյունավետ։

«1 միլիոն 200 հազար պատվաստումների ընթացքում 79 քաղաքացու մոտ եղել են առողջական խնդիրներից որոշակի բողոքներ։ Դրանցից մեծ մասի դեպքում քաղաքացիների մոտ եղել է հենց քովիդով հիվանդացություն, ուղղակի քաղաքացին չի իմացել, որ հիվանդ է, և պատվաստվել է։ Մնացած փոքրաթիվ դեպքերում գրանցվել են որոշակի ալերգիկ ռեակցիաներ և մի շարք այլ բողոքներ, որոնք մանրակրկիտ քննվել են»,- ասաց Ավանեսյանը։ 

Ավանեսյանը տեղեկացրեց, որ խթանիչ դեղաչափ նշանակում է՝ ամբողջական պատվաստում ստացած քաղաքացին ստանում է 3-րդ՝ ևս մեկ խթանիչ դեղաչափ: Նախարարը նշեց, որ 3-րդ դեղաչափը ստացած քաղաքացիներ կան։ Ավանեսյանի խոսքով՝ կարևոր է, որ 3-րդ դեղաչափը ստանան ռիսկի խմբի քաղաքացիները։

  • Կիսվել: