շաբաթ, հունիս 22
22 / 6 / 2024
Վայոց ձորի մարզպետի տեղակալը հանդիպել է UNICEF-ի ներկայացուցիչների հետ

Վայոց ձորի մարզպետի տեղակալը հանդիպել է UNICEF-ի ներկայացուցիչների հետ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանն ընդունել է UNICEF-ի՝ Երեխայի պաշտպանության ծրագրերի ղեկավար Հայկ Խեմչյանին և ծրագրի պատասխանատու Հեղինար Մելքոմ-Մելքոմյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Արամ Գրիգորյանը:
 
Ծրագրերի ղեկավար Հայկ Խեմչյանը հանգամանալից կերպով ներկայացրել է UNICEF-ի գործունեության և մարզերում նախատեսվող նախաձեռնությունների, մասնավորապես՝ Հայաստանի սահմանամերձ մարզերում «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնների ստեղծման ծրագրի վերաբերյալ:
 
Կենտրոնի գործունեության հիմնական նպատակը քաղաքներում ու հարակից բնակավայրերում 12-18 տարեկան երիտասարդների քաղաքացիական ակտիվության ու բարեկեցության բարձրացումն է՝ երիտասարդական աշխատանքի իրականացման միջոցով:
 
Կենտրոնը պատանիների և երիտասարդների համար կրթվելու, նոր հմտություններ ձեռք բերելու, ինքնաարտահայտվելու, զբաղվածությունը և ժամանցն ապահովելու և հասակակիցների հետ շփվելու ապահով տարածք է, ինչպես նաև նպաստող միջավայր՝ նրանց սոցիալականացման և համայնքներում դրական փոփոխությունների իրականացման համար:
 
Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձ են կատարել համագործակցության առաջնահերթություններին և դրանց շրջանակներում նախատեսվող համատեղ աշխատանքներին՝ պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել փոխգործակցության ընդլայնման ու ամնրապնդման ուղղությամբ:

 

  • Կիսվել: