հինգշաբթի, հունիս 27
27 / 6 / 2024
Սևանում անհայտ անձը վրաերթի է ենթարկել 3 քաղաքացու ու դիմել փախուստի․ ոստիկաններն ու պարեկները ժամերի ընթացքում հայտնաբերեցին նրան ու ավտոմեքենան

Սևանում անհայտ անձը վրաերթի է ենթարկել 3 քաղաքացու ու դիմել փախուստի․ ոստիկաններն ու պարեկները ժամերի ընթացքում հայտնաբերեցին նրան ու ավտոմեքենան

Երեկ՝ հունիսի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Սևանի թերակղզու տարածքում անհայտ անձը, անհայտ մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Հունաստանի քաղաքացիներ 13-ամյա Նիկոլաս Ուլիխանյանին, 60-ամյա Անժիկ Աքուլյանին և Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Էդիտա Թումանյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն, իսկ վարորդը, նրանց թողնելով անօգնական, դեպքի վայրից հեռացել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը։

Դեպքի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ժամերի ընթացքում ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները համագործակցելով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկների հետ ոստիկանության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստանում, թե ով է ենթադրյալ վրաերթի հեղինակը ու որտեղ է գտնվում վրաերթ կատարած ավտոմեքենան։ 

Սևանի ոստիկաններն ու պարեկները մեկնում են Սևան քաղաքի Նաիրյան փողոց, որտեղ հայտնաբերում են առջևի հատվածն ամբողջությամբ վնասված «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան։ Տեղում պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին և վրաերթ կատարողին, Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Դանիել Խանզադյանին ու ավտոմեքենան տեղափոխում են ոստիկանության Սևանի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: