շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վարդենիսում Կամոյի փողոցում գայլերը հոշոտել ու վնասել են մայրացու ոչխարներ ու գառներ

Վարդենիսում Կամոյի փողոցում գայլերը հոշոտել ու վնասել են մայրացու ոչխարներ ու գառներ

Այսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Վարդենիս քաղաքի Կամոյի փողոցի 56 տան բնակիչ, 53-ամյա Կամո Աստարյանը առավոտյան ժամը 07:00-ից 07:30-ն ընկած ժամանակահատվածում տեսել է, որ իրեն և իր եղբորը պատկանող ոչխարներից ու գառներից 15-ը վնասված են:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Կ. Ասատրյանն ասում էր. «Առավոտյան եկա, որ ոչխարներով ու գառներով զբաղվեմ, տեսա որ երկուսի կոկորդները վնասված, սատկած են: Նայեցի ու պարզվեց՝ ևս 12-ը վնասված են, իսկ երկուսն էլ անետ կորած են: Անասնաբույժին կանչեցի, զննեց ու ասեց, որ գայլի կամ գայլերի հարձակման հետևանքով է այս ամենը տեղի ունեցել:

Գառների մեջ կան մայրացուներ, մի մասը իմն էր, մի մասը եղբորինս: Վարկով վերցրել, պահում էինք: Մեր ընտանիքներն էլ սրա հույսին են: Աշխատանք չունենք, վարկի տակ ճռում ենք: Դիմել ենք Վարդենիսի քաղաքապետարան, քաղաքապետի հանձնարարականով տեղակալը եկել, նայել ա, ու ասեց՝ հանձնաժողով կստեղծենք, մի բան կանենք: Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատից էլ են եկել, արձանագրել են, անասնաբույժն էլ վիրավորներին տեսավ, ասեց, որ դրանք չեն ապրի: Մոտ 700 հազար դրամի վնաս ենք կրել: Գոնե Գեղարքունիքի մարզպետարանն ու Վարդենիսի քաղաքապետարանը միքիչ օգնեն»:

Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիշա Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Կ. Ասատրյանը ասում էր նաև, որ տարիներ առաջ իր հարևանի ոչխարներին ու գառներին է գայլերի ոհմակը վնասել:

 

  • Կիսվել: