երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Վարդաբլուրի գյուղապետից հրաժարականի դիմում են պահանջել․ նա հեռանում է

Վարդաբլուրի գյուղապետից հրաժարականի դիմում են պահանջել․ նա հեռանում է

Վարդաբլուրի գյուղապետ Ռուսլան Օհանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ Գյուլագարակ խոշորացված համայքի ղեկավար Մհեր Գևորգյանն իր աշխատակազմով, ընդհուպ մինչև վարորդ, ներկայացել է իր աշխատասենյակ ր հրաժարականի դիմում պահանջել։

«Սիրելի՛ վարդաբլուրցիներ,

անհրաժեշտ եմ համարում ինձ համար կարևոր այս պահին դիմելու Ձեզ, կիսվելու Ձեզ հետ այն խնդրի մասին, որի առաջ ստիպված կանգնած եմ ես ու պետք է կայացնեմ համապատասխան որոշում: Թե՛ որպես ընտրված գյուղապետի, թե՛ որպես նշանակովի վարչական ղեկավարի պաշտոններում աշխատանքային գործունեությունս իմ կարծիքով եղել է բոլորիդ համար բաց ու հասկանալի, ոչ մի անգամ չեմ տրվել որևէ գայթակղության, միշտ ձգտել եմ հասնելու վարդաբլուրցիների միջև համերաշխության ու միասնության հաստատմանը: Որքանով է դա ինձ հաջողվել, գնահատականը կարող է տալ Ձեզանից յուրաքանչյուրը:

Ուզում եմ մեծ ցավով տեղեկացնել, որ Գյուլագարակ խոշորացված համայքի ղեկավար Մհեր Գևորգյանն իր աշխատակազմով, ընդհուպ մինչև վարորդ, ներկայացել էր իմ աշխատասենյակ: Երկու րոպե տևող այցի նպատակը իմ աշխատանքից ազատման դիմումի պահանջն էր: Պատճառը իմ կողմից Մարզպետի կամ որոշ ֆեյսբուքյան էջերում կատարված գրառումները հավանելն է «լայքել» կամ նմանատիպ անհիմն մեղադրանքներ: Չեմ ուզում նմանվելով որևէ մեկին՝ գրառմանս միջոցով այս տիրույթում բարեկամներիս և շրջապատիս մեկնաբանությունների և հավանումների հաշվին աշխատանքս պահել և համբավ ձեռք բերել:

Չեմ էլ ուզում ամպագոռգոռ հայտարարություն անել և ասել, որ ես 100%-ով հեռանում եմ, իսկ հաջորդ օրը ներկայանալ աշխատանքի՝ ասես ոչինչ չի էլ եղել: Քանի որ հեռանալու ցանկություն ընդհանրապես չեմ ունեցել, ընդհակառակը լցված եմ եղել աշխատելու, գյուղը ծաղկեցնելու և 90-ականների բարգավաճող Վարդաբլուրի հռչակը ետ բերելու մեծ ցանկությամբ: Մինչ երեկ սեղանիս կային նոր ծրագրեր, առաջարկներ և պլաններ, որոնք արդեն որպես վարչական ղեկավար անզոր եմ իրագործել: Կփորձեմ ի նպաստ գյուղիս աշխատել և նոր ծրագրեր իրագործել նոր ոլորտներում:

Այժմ մեր գյուղը թևակոխում է զարգացման նոր փուլ, որի վերջնական նպատակը էկոլոգիական զարգացած գյուղ դառնալն է իր հզոր զբոսաշրջային հնարավորություններով: Դրան հասնելու ճանապարհի մի մասն է «Վարդաբլուրի համայնք կլիմայական» քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամի /ԿՔՇՆՀ/ ստեղծումը, որը վերջերս ենք հիմնադրել:

Այս հիմնադրամի միջոցով տարբեր ծրագրերի իրականացումն ու մեր գյուղի մշակութային ժառանգության պահպանումը, ճիշտ իրազեկումը կբավարարեն, որ Վարդաբլուրը դառնա Հայաստանի ամենահարմարավետ ու ճանաչված բնակավայրերի առաջատարներից: Դա մենք կարող ենք ու իրագործելու ենք միասին, անկախ ով կղեկավարի գյուղը: Վերջին նախադասությունս իմ աշխատանքից ազատման դիմումի ակնարկը չէ, այլ ինքը ԱԶԱՏՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ, քանի որ ի սկզբանե խաղտված է եղել վարչական ղեկավարի ու համայնքապետի փոխհարաբերությունը:

Այդ Հարաբերությունը երբեք էլ ներդաշնակ չեն եղել, ուղղակի ամեն անգամ մտածել եմ, որ համայնքապետն իր փորձառությամբ ավելի ճիշտ եզրահանգումներ կանի: Սակայն մեր համայնքապետի փորձառությունը ուղղակի փորձանք դարձավ մեր գլխին:

Մնացե՛ք խաղաղությամբ: Աստված բոլորիս պահապան»,- ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: