շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վանոյի հետ կապված միայն պայծառ հիշողություններ կան. Անդրանիկ Քոչարյան

Վանոյի հետ կապված միայն պայծառ հիշողություններ կան. Անդրանիկ Քոչարյան

Այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հոգեհանգստի արարողությանը մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պետական, քաղաքական մշակութային գործիչներ, Սիրադեղյանի ընկերները, հարազատները և նրան համակրող քաղաքացիները:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Վանո Սիրադեղյանի թողած ժառանգությունը ուղեցույց է լինելու հաջորդ սերնդին. նա ուներ քաղաքական հզոր ներըմբռնում և պատասխանատվության խորը գիտակցում:

Քոչարյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Վանոյի հետ կապված միայն պայծառ հիշողություններ կան: Ղարաբաղ կոմիտեի շուրջը հավաքված երիտասարդություն: Ապրել ենք մի ամբողջ կյանք, պատասխանատվության խորը գիտակցումով, վայրիվերումներով:

Վանոյի միայն գրական և ստեղծագործական կյանքը չի, որ մնալու է մեր հիշողություններում, նրա թողած քաղաքական ժառանգությունը ևս կմնա: Ափսոս, որ մեր նոր սերունդը չտեսավ նրան վերադարձած հայրենիք և գոնե մեկ անգամ Աբովյան փողոցով թող նա իջներ` այդ քայլվածքը, այդ հպարտ կեցվածքը տեսնեին:

Այնքան թույն լցրեցին իր հետևից, սակայն այդ թույնը չազդեց, միևնույն է իր թողած ժառանգությունը շատ մեծ է: Նրա թողած ժառանգությունն ուղեցույց է լինելու ներկա սերնդին, հաջորդ սերնդին, որովհետև իր ստեղծագործությունները մնալու են, այդ պարզ խոսքը մնալու է՛՛:

Ավարտելով խոսքը՝ Քոչարյանը հավելեց. ՛՛Այսօր մենք հրաժեշտ ենք տալիս Վանոյին, բայց նրա պատկերը միշտ մնալու է մեր հիշողություններում: Ինքը մեծ էր և որպես մեծ էլ հրաժեշտ ենք տալիս՛՛:

Պետական, քաղաքական գործիչ, Երևանի ՛՛Մխիթար Սեբաստացի՛՛ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն էլ, որը երկար տարիներ աշխատել է Վանո Սիրադեղյանի հետ ՛՛Հայոց համազգային շարժում՛՛ կազմակերպությունում և Կառավարությունում ու Ազգային ժողովում, ասաց, որ Սիրադեղյանին համարում է ՀՀՇ-ի ամենավառ կերպարներից մեկը:

Նա նշեց. ՛՛Մենք ուրացանք մեր եղբորը: Դա ուրացում էր և որպես մարդու, և որպես գրողի, և որպես պետական գործչի, և որպես Հայոց Համազգային շարժման առաջնորդ: Չլինելու բան էր որ Վանոն մնար անպաշտպան և 2018 թվականի իշխանափոխությունից հետո անգամ հնարավոր չլիներ արդարադատություն իրականացնել: Վանոն թողեց Հանրապետությունը հարկադրանքի տակ, որովհետև կային անհաղթահարելի ուժեր, որոնք թույլ չէին տալիս, որ արդարադատություն իրականացվի: Ինչո՞ւ էր անհրաժեշտություն առաջացել Ազգային ժողովի պատգամավորին ձերբակալել, երբ որ ինքը գալիս էր դատական նիստերին: Այնքան պարզ էր այդ ամեն ինչը, այնքան հասկանալի և հասարակությունը Վանոյի պահանջը ուներ, որ նա Հայաստանում լիներ՛՛:

Նշենք, որ Վանո Սիրադեղյանի հուղարկավորությունը կկայանա դեկտեմբերի 4-ին, ժամը 12:00- Կոթի գյուղում:

 

  • Կիսվել: