շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վանո Սիրադեղյանի աճյունը մոտ օրերս Հայաստան կտեղափոխվի. Փաշինյան

Վանո Սիրադեղյանի աճյունը մոտ օրերս Հայաստան կտեղափոխվի. Փաշինյան

 Գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի աճյունը մոտ օրերս Հայաստան կտեղափոխվի։ Այս մասին այսօր առցանց ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Սիրադեղյանի մահից 1 ամիս անց նրա աճյունը Հայաստանում չէ, և արդյո՞ք իշխանության գալուց հետո չի ցանկացել նրան «վերադարձնել»։

Փաշինյանը, մասնավորապես, նշեց. «Գիտեք, որ թաղման կառավարական հանձնաժողով է ստեղծվել, որը խորհրդակցել է Սիրադեղյանի ընտանիքի անդամների հետ։ Հանձնաժողովը որոշումներ է կայացրել, և կարծում եմ` առաջիկայում Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի ՀՀ։ Ես այցելել եմ Սիրադեղյանի ընտանիքին, և իմ ցավակցությունն եմ հայտնել։

Վանո Սիրադեղյանին անձամբ ճանաչել եմ, որոշակի հարաբերություններ եմ ունեցել, նաև «Հայկական ժամանակ» օրաթերթում Ավետիս Հարությունյան անունով երկար ժամանակ տպվել է, հարցազրույց եմ արել: Երբևէ որևէ պարագայում փորձում եմ իմ անձնական համակրանքները և հակակրանքները պետական մակարդակի որոշումների հիմքում չդնել, որովհետև նման դեպքերում պետք է լինել հավասարակշռված, հաշվի առնել բոլոր պոզիտիվ և նեգատիվ հանգամանքները. մաքսիմալ օբյեկտիվ լինել:

Կարծում եմ, որ հանձնաժողովը որոշումներ կկայացնի և Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան: Ես այցելել եմ նրա ընտանիքին, իմ ցավակցությունը հայտնել և ցավում եմ շատ, որ այդպիսի ավարտ ունեցավ»,- ասաց Փաշինյանը:

Խոսելով Սիրադեղյանին Հայաստան «վերադարձնելու» մասին՝ նա ասաց, որ մտածել է, թե 2018 թվականից հետո կարող է Սիրադեղյանը ՀՀ իրավապահներին հանձնվել, քանի որ որոշակի օբյեկտիվ դատավարական պայմաններ կարող էին լինել։

Հիշեցնենք` Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15–ին։ Նա 75 տարեկան էր։ Թե որտեղ և ինչի հետևանքով է մահացել, հայտնի չէ։ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սիրադեղյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով է ստեղծվել:

  • Կիսվել: