հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
Վահագն Խաչատուրյանն այցելել է Նիցցայի Սուրբ Աստվածածին եկեղեցի և Պարսամյան կրթահամալիր

Վահագն Խաչատուրյանն այցելել է Նիցցայի Սուրբ Աստվածածին եկեղեցի և Պարսամյան կրթահամալիր

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նիցցայի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Եկեղեցու հոգևոր առաջնորդ Տեր Խաչատուրին ողջունելուց հետո նախագահը ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ, շրջայց կատարել եկեղեցում, ապա այցելել Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ գործող Պարսամյան կրթահամալիր:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շրջել է դպրոցում, շփվել երեխաների հետ, ապա դիտել դպրոցի սաների կազմակերպած մշակութային միջոցառումը:

Միջոցառման ավարտից հետո կրթահամալիրի դահլիճում նախագահը հանդիպում է ունեցել Նիցցայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման մեկնարկին Հանրապետության նախագահը համառոտ ներկայացրել է ներհայաստանյան և տարածաշրջանային զարգացումներն ընդհանուր գծերով, անդրադարձել վերջին տարիներին տարբեր ոլորտներում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին և նախաձեռնություններին, ինչպես նաև անմիջական մթնոլորտում պատասխանել ներկաներին հուզող հարցերին:

  • Կիսվել: