հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Ուկրաինայից Լեհաստան է տեղափոխվել շուրջ 3000 հայ. դեսպան

Ուկրաինայից Լեհաստան է տեղափոխվել շուրջ 3000 հայ. դեսպան

Ուկրաինայում մարտական գործողությունները Լեհաստանի վրա քաղաքական, հումանիտար ու տնտեսական շատ մեծ հետևանքներ են ունենալու։ Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ–ում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը։
 
Նրա խոսքով, այսօրվա դրությամբ արդեն շուրջ 2.4 մլն մարդ է Ուկրաինայից Լեհաստան տեղափոխվել։
«Տեղափոխվածների մեջ մեծ թիվ են կազմում Ուկրաինայի քաղաքացիները, որից հետո լեհերն են։ Հետաքրքրական է, որ երրորդ էթնիկ խումբը ուզբեկներն են` շուրջ 7800 մարդ»,– ասաց դիվանագետը։
 
Նա նաև հայտնեց, որ ադրբեջանցիները եղել են թվով 7-րդը` շուրջ 4000, իսկ հայերը 11-րդը` շուրջ 3000 մարդ։
 
«ՀՀ ԱԳ նախարարությունից իրազեկվել ենք, որ Բուխարեստում ու Վարշավայում գործող դեսպանություններ են գործուղվել դեսպանորդներ, ովքեր համակարգում են Ուկրաինայից հայերի տարհանման գործընթացը» ,– հայտնեց դեսպան Չեպլակը։
Լեհ դիվանագետը նաև ընդգծեց, որ Ուկրաինայից Լեհաստան տեղափոխված հայերին աջակցում է նաև տեղի հայ համայնքը։
 

  • Կիսվել: