չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
ՏՏ ընկերությունների աշխատակիցները կմրցեն ռազմատակտիկական խաղ-մրցաշարի շրջանակում

ՏՏ ընկերությունների աշխատակիցները կմրցեն ռազմատակտիկական խաղ-մրցաշարի շրջանակում

Սեպտեմբերի 14-ից Հայաստանում կանցկացվի լազերթագ սպորտաձևի IT Cup առաջնությունը։ Այն նպատակ ունի շփման միջավայր ձևավորել տարբեր ՏՏ ընկերությունների աշխատակիցների միջև, ինչպես նաև ամրապնդել տվյալ ընկերությունների աշխատակիցների թիմային ոգին։ 

Առաջնությունն իրականացնելու է LaserWar Armenia-ն, այն իրենից ներկայացնելու է ռազմատակտիկական խաղ-մրցաշար։ ՏՏ ընկերությունները կմրցեն լավագույն ռազմավարական թիմի կոչման համար։ 

Հարկավոր է կազմել թիմեր և մասնակցել մրցաշարին։ Նշենք, որ մրցաշարին առանձին թիմերով կմասնակցեն ՏՏ, Web3 և ֆինտեխ համայնքի ներկայացուցիչները:

Մրցաշարի հաղթող թիմերը կստանան դրամական պարգևներ, լավագույն խաղացողները՝ նվերներ։ Իսկ բոլոր մասնակիցները ամեն խաղից հետո կստանան իրենց խաղային արդյունքների անհատական վիճակագրությունը՝ ստուգելու ու հետագայում զարգացնելու ռազմավարական գիտելիքները։ 

1 (1).jpg (800 KB)

«Ուրախ ենք իրականացնել լազերթագ սպորտաձևի IT Cup առաջնությունը։ Սա պարզապես ռազմատակտիկական խաղ- մրցաշար չէ․ այն կոփում է թիմային ոգին, ստիպում մտածել սահմաններից դուրս և միավորում է մեր տեխնոլոգիական համայնքի փայլուն մտքերը մի միջավայրում, որը խթանում է համագործակցությունը, նորարարությունը և, ամենակարևորը, զվարճանքը: Մենք անհամբեր սպասում ենք, թե ինչպես են թիմերը ստեղծելու ռազմավարություն և մրցելու այս դինամիկ միջավայրում։ Եվ, ինչու ոչ, սա նաև նեթվորքինգի փայլուն հարթակ է․ ՏՏ, Web3 և ֆինտեխ համայնքի ներկայացուցիչները առաջնության շրջանակում կհաստատեն յուրահատուկ կապեր ու կքննարկեն ոլորտային խնդիրներ ու հարցեր», - նշում են միջոցառման նախաձեռնողները։

Նշենք, որ լազերթագ սպորտաձևի IT Cup առաջնությունն անցկացվում է արդեն չորրորդ անգամ։ 

  • Կիսվել: