չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ծննդականներում նոր կետ կավելացվի

Ծննդականներում նոր կետ կավելացվի

«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքի 3-րդ հոդվածում, որով սահմանվում է հանրային ծառայությունների համարանիշի (ՀԾՀ) ամրագրումը և օգտագործման նպատակը, լրացում է կատարվել․ ավելացել է 1.1. կետը։

Օրենքն ուժի մեջ է մտել օգոստոսի 14-ից։

Լրացման համաձայն․

1. Հանրային ծառայությունների համարանիշը ամրագրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտում, օտարերկրյա քաղաքացու` ՀՀ-ում կացության քարտում, ՀՀ-ում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձի, փախստականի ինքնությունը հավաստող փաստաթղթերում:

1.1. Հանրային ծառայությունների համարանիշն ամրագրվում է նաև սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձից (ՀՀ քաղաքացի, ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացի, ՀՀ-ում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձ, փախստական) ծնված երեխայի ծննդյան պետական գրանցման հիման վրա ՀՀ-ում տրված ծննդյան վկայականում և ծննդի պետական գրանցման մասին տեղեկանքում:

2. Հանրային ծառայությունների համարանիշն օգտագործվում է պետական մարմինների, պաշտոնատար անձանց, իրավասու այլ անձանց կողմից օրենքով նրանց վերապահված խնդիրների (գործառույթների) շրջանակներում ֆիզիկական անձանց ծառայություններ մատուցելիս` անձնական տվյալների տեղեկատվական բազաներում վերջիններիս նույնականացումն իրականացնելու նպատակով:

3. Հանրային ծառայությունների համարանիշը պարտադիր կիրառվում է`

1) քաղաքացուն աշխատավարձ և դրան հավասարեցված եկամուտ վճարելու, սոցիալական ապահովության պետական ծրագրերով նախատեսված կենսաթոշակ, նպաստ, հատուցում նշանակելու և վճարելու ժամանակ.

2) հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ հաշվարկելու և վճարելու ժամանակ, բացառությամբ համայնքի բյուջե վճարվող գումարների.

3) քաղաքացու կողմից բանկային հաշիվ բացելու ժամանակ.

4) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և համայնքային ենթակայության կազմակերպությունների տեղեկատվական բազաները վարելու ժամանակ.

5) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Բացի այս, 5-րդ հոդվածում հստակեցվել է նաև, որ ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի ցանկությամբ բնակչության պետական ռեգիստր վարող լիազոր մարմնի կողմից 16 տարին չլրացած երեխային հատկացվում է հանրային ծառայությունների համարանիշ։

  • Կիսվել: