ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՏԿԵ նախարարն Այգեզարդում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերով ընթացող աշխատանքներին

ՏԿԵ նախարարն Այգեզարդում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերով ընթացող աշխատանքներին

Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի ուղեկցությամբ այցելել է Այգեզարդ համայնք, ծանոթացել Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերով ընթացող աշխատանքներին:

Այգեզարդ համայնքում Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվում է 3 ծրագիր՝ համայնքի կենտրոնական փողոցի ասֆալտապատում, համայնքապետարանի և զբոսայգու բարեկարգում, բասկետբոլի և թենիսի խաղադաշտերի կառուցում:

Նախարարը հետևել է համայնքի կենտրոնական փողոցներից Ղարիբյան փողոցի ասֆալտապատման աշխատանքներին։ Ծրագրի արժեքը 47 մլն դրամ է, որից 30 %-ը տրամադրում է Կառավարությունը, 70 %-ը՝ համայնքը: Իրականացվում են ջրահեռացման աշխատանքներ, մայթերի կառուցում, երկշերտ ասֆալտի տեղադրում:

Համայնքում սուբվենցիոն ծրագրով կառուցվում է նաև թենիսի և բասկետբոլի խաղադաշտ՝ ընդհանուր 44 մլն դրամ արժեքով: 65 %-ը տալիս է համայնքը, 35 %-ը՝ Կառավարությունը: Բարեկարգվում են նաև համայնքապետարանի հարակից տարածքն ու զբոսայգին:

Այգին, ընդհանուր առմամբ, բարեկարգվել է անցած տարվա սուբվենցիոն ծրագրով: Այս տարի վերանորոգվում են շատրվանները, տեղադրվում են ցայտաղբյուրներ: Ծրագրի ընդհանուր արժեքը 7 մլն դրամ է, 30%՝ Կառավարություն, 70%՝ համայնք:

  • Կիսվել: