կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով ներդրվում է աուդիտի ինստիտուտ

Ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով ներդրվում է աուդիտի ինստիտուտ

Հայաստանում ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով ներդրվում է աուդիտի ինստիտուտ։ Ճանապարհների անվտանգության աուդիտը դառնում է պարտադիր։ Ներկայում Հայաստանի ոչ բոլոր ճանապարհների անվտանգության աուդիտ է իրականացվում։ Այն ճանապարհները, որոնք կառուցվում են վարկային միջոցներով, ըստ պայմանագրի պահանջի, պարտադիր աուդիտ իրականացվում է, մյուսների դեպքում՝ ոչ։ Օրենսդրական նոր փոփոխությունների համաձայն՝ անվտանգության աուդիտը վերաբերելու է Հայաստանի բոլոր ճանապարհներին, անկախ նրանից կառուցվել, հիմնանորոգվել է վարկային, թե պետական միջոցների հաշվին։ Մանրամասնելով օրենսդրական փոփոխությունները՝ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային քաղաքականության բաժնի պետ Արևհատ Պողոսյանը նշեց, որ կսահմանվեն ճանապարհային ենթակառուցվածքների անվտանգության կառավարման, ազդեցության գնահատման, ճանապարհային անվտանգության աուդիտի հետ կապված դրույթները:

«Ճանապարհների շինարարության, հիմնանորոգման, կառուցման ժամանակ պարտադիր պետք է իրականացնենք աուդիտի գործընթաց։ Դա նշանակում է, որ նախագծումից սկսած մինչև վաղ շահագործման փուլեր մենք աուդիտ ենք իրականացնելու։ Աուդիտ ասվածը ենթադրում է ուշադրության կենտրոնում պահել անվտանգության տարրերի ապահովման հարցը։ Օրինակ՝ ճանապարհային նշանը ճիշտ տեղում է, թե ոչ, ճանապարհի թեքությունը որքանով է ճիշտ, անդրադարձ է կատարվելու լուսավորությանը, գծանշումներին։ Կատարվելու է ճանապարհային երթևեկության վերլուծություն, վեր են հանվելու վթարների պատճառները, ըստ դրանց էլ աուդիտի ընթացքում ուշադրություն է դարձվելու ճանապարհների կահավորման, անվտանգության հետ կապված խնդիրներին»,-ասաց Արևհատ Պողոսյանը։

Օրենքով նախատեսված է, որ միջպետական նշանակության ճանապարհների անվտանգության աուդիտը կիրականացվի 2025 թվականի հուլիսի 1-ից, հանրապետական նշանակության ճանապարհներինը՝ 2026 թվականի հունվարի 1-ից, տեղական նշանակության ճանապարհներինը՝ 2027 թվականի հունվարի 1-ից։ Արևհատ Պողոսյանը նշեց, որ աուդիտի ինստիտուտը ներդրվում է փուլային տարբերակով, իսկ մինչ այդ կանցկացվի գործընթաց աուդիտորների պատրաստման ու հավաստագրման, որակավորման ուղղությամբ։  

«Աուդիտ իրականացնողը կարող է լինել և՛ անձը, և՛ կազմակերպությունը։ Սահմանվելու են հստակ չափանիշներ նրանց գործունեության առնչությամբ։ Հավաստագրումը ստանալուց հետո, արդեն մրցութային ձևաչափով աուդիտորները կաշխատեն»,-ասաց Արևհատ Պողոսյանը։

Աուդիտի գործընթացի առանցքում լինելու են նաև ճանապարհների հարակից տարածքում գտնվող օբյեկտների հարցը։ Կհստակեցվեն ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում, բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում և պաշտպանական գոտիներում կառուցապատման պահանջները: Արևհատ Պողոսյանը նկատեց, որ շատ դեպքերում ճանապարհներին կից տարբեր օբյեկտներ են կառուցվում՝ չպահպանելով կառուցապատման նորմերը, ինչը խոչընդոտ է առաջացնում երթևեկության համար։ Ուշադրության կենտրոնում են լինելու նաև հանրապետության թունելները։ Սահմանվելու են նոր չափանիշներ։ Արևհատ Պողոսյանը տեղեկացրեց, որ 3 խոշոր՝ Նալբանդի, Դիլիջանի, Պուշկինի լեռնանցքի թունելների առնչությամբ սահմանվելու են խիստ պահանջներ՝ լուսավորություն, վթարային ելքեր, ռիսկերի կառավարում և այլն։ Այժմ թունելների հիմնանորոգման աշխատանքների նախագծման փուլն է։  

  • Կիսվել: