Մենք չենք լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը․ Իրանի նախագահ
Մենք չենք ընկրկի ոչ մի սպառնալիքի առաջ: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ հայտարարելով, որ իր երկրի հզոր զինված ուժերն ու իր վարչակազմը ամենայն վճռականությամբ կպաշտպանեն իրանցի ժողովրդի իրավունքները։
Նրա խոսքով՝ Իրանի բացարձակ առաջնահերթությունը մնում է «ազգային անվտանգությունն ու քաղաքացիների անդորրը»։ «Մենք առավելագույն կոշտությամբ կպաշտպանենք մեր երկրի վեհանձն ժողովրդի իրավունքները և բնավ հետքայլ չենք անի որևէ սպառնալիքի հանդեպ»,— հայտարարել է պետության ղեկավարը։
Փեզեշքիանը նհավելել է, որ դիվանագիտությունն ու պաշտպանությունը ազգային հզորության երկու թևերն են․ «Մենք չենք լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը։ Հույս ունենք, որ միասնության ու բանական մոտեցման շնորհիվ Իրանը հպարտությամբ կհաղթահարի այս փորձությունը»։
Իրանի նախագահը դարձյալ ընդգծել է, որ ազգային անվտանգության ապահովումն ու քաղաքացիների խաղաղությունը կառավարության գլխավոր առաջադրանքն են, և երկիրը մտադիր է ամուր կանգնել իր իրավունքների պաշտպանության դիրքերում՝ տեղի չտալով արտաքին ոչ մի ճնշման։



