ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տափերականցիների բողոքի ակցիան ավարտվեց․ համաձայնության են եկել

Տափերականցիների բողոքի ակցիան ավարտվեց․ համաձայնության են եկել

Գլխավոր դատախազության դիմաց Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչների բողոքի ակցիան ավարտվեց: Նրանք պահանջում են կալանքից ազատ արձակել իրենց գյուղի բնակիչ Ալեն Պետրոսյանին:

Նրա փաստաբան Արման Արզումանյանի խոսքով, Ալեն Պետրոսյանը մեղադրվում է սպանության եւ ապօրինի զենք կրելու մեջ, սակայն ավելի ուշ իրական կատարողը, իրական կրակոց արձակողն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, տվել խոստովանական ցուցմունքներ, անգամ ներկայացրել զենքը:

Հատկանշանակ է, որ խոստովանած երիտասարդն ազատության մեջ է, իսկ Ալեն Պետրոսյանի դեպքում արդեն 2 անգամ կալանքը երկարացրել են, գրում է news.am-ը։

Ալեն Պետրոսյանի փաստաբանին այսօր ընդունեց Գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանը: Նրա հետ հանդիպումից հետո փաստաբանը լրագրողներին ասաց.

«Մենք քննարկեցինք գործի հանգամանքները, մեզ հայտնի տեղեկությունները փոխանցեցինք պարոն Աֆանդյանին: Նա խոստացավ, որ մոտ օրերս այդ հարցը կհանգուցալուծվի, որոշակի կոնկրետություն կլինի գործի վարույթում: Ենթադրում եմ, որ որոշակի քննչական ու դատավարական գործողություններ պետք է կատարվեն»:

Փաստաբանի խոսքով, իրենք այսպահին պահանջ չեն դրել, որ իր մասով գործի կարճում լինի, որովհետեւ հասկանում են խնդրի էությունը. «Վերջապես մարդ է մահացել, քննարկել ենք  ազատությունից զրկելու հարցերը, որ այս պահին առնվազն անառարկա է: Թող մեղադրանքը պահպանվի, հետագայում դա կհերքվի կամ կհաստատվի: Այդ հարցը չենք քննարկել:

Այս պահին ակցիան շարունակելն էլ է անառարկա: Կարծում եմ՝ այո, դադարեցնում ենք ակցիան, սպասում ենք: Մենք վստահում ենք գլխվոր դատախազությանը, չենք վստահում մարզային դատախազությանը»,-ընդգծեց Արման Արզումանյանը:

  • Կիսվել: