ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տանս դիմաց փակ դիտակետ են դրել, հետևում են, թե ով մտավ, ով դուրս եկավ ու ընկնում նրա հետևից. Արթուր Վանեցյան

Տանս դիմաց փակ դիտակետ են դրել, հետևում են, թե ով մտավ, ով դուրս եկավ ու ընկնում նրա հետևից. Արթուր Վանեցյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարեց, թե ինչպես ամիսներ առաջ է ասել, այժմ նույնպես պնդում է՝ իշխանությունները շարունակում են հետապնդել իրեն։

«Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամիսներ առաջ ես հայտարարեցի, թե ունեմ հստակ տվյալներ, որ ՀՀ իրավապահ մարմինները հետևում են ինձ, ինտանիքիս անդամներին, լսում են նույնիսկ իմ անչափահաս երեխաների հեռախոսները։ Հիմա վստահաբար ասում եմ՝ թող հերքեն, ես էլ կներկայացնեմ ապացույցներ», - ասաց Վանեցյանը։

Նա նշեց, թե իր տան դիմաց տեղադրված է գաղտնի դիտակետ, որի միջոցով հետևում են, թե ով է մտնում և դուրս գալիս իր տնից։

«Հետո ընկնում են այդ մարդու հետևից, սկսում պարզաբանել, թե այդ մարդն ով է, ինչով է զբաղվում։ Նույն փակ դիտակետ կոչվածը տեղադրված է նաև «Հայրենիք» կուսակցության գրասենյակի մուտքի մոտ, իմ հետևից մշտապես շրջում էին արտաքին դիտարկում իրականացնող ծառայության տղաները։ Զավեշտն այն է, որ իմ հետևից արտաքին դիտում են դնում, ու մտածում են, որ ես դրա մասին չեմ իմանալու կամ չեմ նկատելու։ Ախր, համ էդ տղաներին եմ ճանաչում համ էդ մեքենաները գիտեմ, համ՝ աշխատանքի մեթոդները և միջոցները գիտեմ», - նշեց նա։

Վանեցյանն ասաց, թե չի կարծում, որ միայն իրեն են հետևում։ Իր կարծիքով՝ այս իշխանություններն իրենց բոլոր քայլերով անում են մեկ բան՝ փորձում են պահել իրենց իշխանությունը։

  • Կիսվել: