Թալանել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցու քահանայի տունը
Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքից նյութեր են ստացվել երեկ՝ սեպտեմբերի 30-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած գողության փաստով, տեղեկացնում է SHAMSHYAN.com-ը։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ այդ օրը ոստիկանության Վաղարշապատի բաժին է դիմել Վաղարշապատ քաղաքի Մանուկյան փողոցի բնակիչ 44-ամյա Սամվել Կ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 09։00-ից մինչև 13։00-ն ընկած ժամանակահատվածում Էջմիածին քաղաքի Մովսես Խորենացի փողոցում կայանված իրեն պատկանող Toyota Camry մակնիշի ավտոմեքենայի առջևի դռան ապակին կոտրել են և ավտոմեքենաի սրահից գողացել տան բանալիները, այնուհետև նույն օրը մինչև ժամը 14։00-ն ընկած ժամանակահատվածում մուտքի դուռը բացելու եղանակով մուտք են գործել բնակարան և այնտեղից հափշտակել մոտ 1500 ԱՄՆ դոլար և մոտ 700 հազար դրամ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սամվել Կ.-ն քննչական բաժնում հայտնել է, որ ինքը «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին» եկեղեցում քահանա է աշխատում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: