երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու որոշման վերաբերյալ ՀԱԵ-ի դիրքորոշումը արտահայտել է Պոլսո հայոց պատրիարքը. Տաճարում կարող են աղոթել թե քրիստոնյաները, թե մուսուլմանները` մի՞թե մեկ Աստծուն չենք պաշտում

Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու որոշման վերաբերյալ ՀԱԵ-ի դիրքորոշումը արտահայտել է Պոլսո հայոց պատրիարքը. Տաճարում կարող են աղոթել թե քրիստոնյաները, թե մուսուլմանները` մի՞թե մեկ Աստծուն չենք պաշտում

Կոնստանտնոպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխման և այն մզկիթ դարձնելու որոշման վերաբերյալ Հայ Առաքելական եկեղեցին պարզվում է իր խոսքը արդեն ասել է:

InfoPort.am-ի մեկ շաբաթ տևած ջանքերը այս հարցի շուրջ մեկնաբանություն ստանալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, հաշվի առնելով, որ աշխարհի շատ քրիստոնյա երկրների հոգևոր առաջնորդներ իրենց կոշտ ու սկզբունքային դիրքորոշումն այս հարցի շուրջ արդեն հայտնել էին, այսօր վերջապես պսակվեցին հաջողությամբ:

Մեզ հաջողվեց կապ հաստատել Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանի հետ: Եվ ինչ պարզվեց`ինչպես մեզ փոխանցեց Տեր Վահրամը, ՀԱԵ-ն իր դիրքորոշումը այս հարցի շուրջ արդեն հայտնել է, որը արտահայտվել է Պոլսո Հայոց պատրիարք Արքեպիսկոպոս Մաշալյանի թվիթերյան գրառմամբ, և ինքը այլևս ավելացնելու բան չունի:

«Եթե հավելյալ պարզաբանման կարիք կա, կապվեք Պատրիարքարանի հետ»,- խորհուրդ տվեց Տեր-Վահրամը:

Իսկ ինչ էր այս հարցի առնչությամբ գրել Արքեպիսկոպոս Մաշալյանը իր թվիթերում: Նա մասնավորապես նշել էր, թե կողմ է տաճարի կարգավիճակի փոփոխմանը:

«Հազարավոր բանվորների աշխատանքով և հարստություն ծախսելով կառուցված, ավելի քան 1500 տարվա ընթացքում պարբերաբար վերանորոգված տաճարը մինչ օրս պահպանվել է, որպեսզի պաշտամունքի վայր լինի, ոչ թե թանգարան: Չէ՞ որ բոլորս միևնույն երկնային գմբեթի տակ ենք անում մեր աղոթքը: Սուրբ Սոֆիայի գմբեթն էլ կարող ենք կիսել: Թեկուզ տարբեր դավանանքներ ունեն, մի՞թե մեկ Աստծուն չենք պաշտում», - գրել է Մաշալյան Պատրիարքը՝ համոզմունք հայտնելով, որ «խաչի և կիսալուսնի նոր հակամարտության շքեղություն այլևս չենք կարող թույլ տալ, աշխարհի փրկությունը խաչի ու կիսալուսնի միությունն է: Այսպիսով, Սուրբ Սոֆիան կդառնա դարաշրջանի և մարդկության խաղաղության խորհրդանիշ»:

Պոլսո Հայոց պատրիարքի այս գրառումը հակասական արձագանքների տեղիք է տվել հենց Թուրքիայի հայ համայնքում: Շատերը նշել են, որ այդ դիրքորոշումը չի արտահայտում համայնքի կարծիքը տաճարի կարգավիճակի շուրջ:

Եթե սա է ՀԱԵ-ի, որպես առաջին քրիստոնեական երկրի հոգևոր կառույցի դիրքորոշումը համաշխարհային բացառիկ քռիստոնեական կոթողի ճակատագրի վերաբերյալ, ապա այն խիստ տարակուսելի է նույն Ռւոս Ուղղափառ եկեղեցու առաջնորդ Կիրիլի, ով այդ քայլը որակել էր, որպես վերադարձ դեպի միջնադար, Ռումինիայի, Հունաստանի, այլ քրիստոնյա երկրների հոգևոր առաջնորդների կոշտ գնահատականների ֆոնին:

Այս խնդրի շուրջ ստանալ ՀՀ ԱԳՆ արձագանքը մենք նույնպես չկարողացանք: ԱԳՆ-ից մեզ հստակ չտեղեկացրեցին լինելու է պաշտոնական արձագանք, թե ոչ:

  • Կիսվել: