կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Հորդանանը դատապարտել է Իսրայելի կողմից Արևելյան Երուսաղեմում Հունաց ուղղափառ եկեղեցուն պատկանող հողի բռնագրավումը

Հորդանանը դատապարտել է Իսրայելի կողմից Արևելյան Երուսաղեմում Հունաց ուղղափառ եկեղեցուն պատկանող հողի բռնագրավումը

Հորդանանը խստորեն դատապարտել է օկուպացված Արևելյան Երուսաղեմի Սիլվան թաղամասում գտնվող Հունաց ուղղափառ պատրիարքությանը պատկանող հողերի՝ Իսրայելի կողմից բռնագրավումը՝ տեղի ունեցածն անվանելով «միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում», ինչպես նաև «ոտնձգություն պատմական ու իրավական գոյություն ունեցող ստատուս քվոյի նկատմամբ»։ Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:

Նշվում է, որ Հորդանանի ԱԳՆ մամուլի քարտուղար, դեսպան Ֆուադ ալ-Մաջալին հայտարարել է, որ թագավորությունը «լիովին մերժում է բոլոր միակողմանի, ապօրինի և սադրիչ միջոցները, որոնք ուղղված են Երուսաղեմում և նրա սրբավայրերում պատմական ու իրավական գոյություն ունեցող ստատուս քվոյի փոփոխմանը»՝ ընդգծելով, որ «Իսրայելը սուվերենություն չունի օկուպացված Երուսաղեմի և նրա իսլամական ու քրիստոնեական սրբավայրերի նկատմամբ»։

Նա նաև հավելել է, որ իր ազգային տարածքում անկախ պաղեստինյան պետության ստեղծումը միակ ուղին է արդար ու համապարփակ խաղաղության հասնելու և տարածաշրջանում կայունություն ապահովելու համար։

Ըստ հաղորդագրությունների՝ իսրայելական իշխանությունները հողատարածքն իրենց վերահսկողության տակ են վերցրել երկուշաբթի օրը. պատրիարքության ներկայացուցիչը վտարվել է տարածքից, տեխնիկան առգրավվել է, ծառերն արմատախիլ են արվել, իսկ տարածքը՝ ցանկապատվել։

 

  • Կիսվել: