երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 12-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունն է ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:  Նա անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Կարդինալ Պիետրո Պարոլինը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները:

Հյուրերը շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացել եմ մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի այցի կապակցությամբ ՀՑԹԻ գիտական ֆոնդերից ի թիվս այլ նյութերի դուրս էր բերվել նաև Հռոմի Պապ Բենեդիկտոս 15-րդի՝ 1915 թվականի սեպտեմբերի 10-ին Օսմանյան կայսրության սուլթան Մեհմեդ 5-ին ուղղված նամակի կրկնօրինակը:

Նամակում Հռոմի Պապը իր բողոքի ձայնն էր բարձրացրել հայերի հանդեպ իրականացվող համատարած բռնությունների և ջարդերի դեմ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել կատարվող զանգվածային հանցագործությունները: Թանգարանում շրջելուց հետո կարդինալ Պիետրո Պարոլինը նաև գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը կարդինալին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր: Իր հերթին Կարդինալը Հայոց ցեղասպանության թանգարանին նվիրել է հուշամեդալ:
Սուրբ Աթոռից ժամանած պատվիրակության անդամները շրջել են նաև Հիշողության պուրակում, որտեղ Կարդինալ Պիետրո Պարոլինը ջրել է Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդի 2001 թ.-ին և Ֆրանցիսկոս Պապի 2016 թ.-ին տնկած եղևնիները:

 
 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: