երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
STARMUS-ի նպատակները և Հայաստանի կառավարության ռազմավարական տեսլականը համընկնում են. Նիկոլ Փաշինյան

STARMUS-ի նպատակները և Հայաստանի կառավարության ռազմավարական տեսլականը համընկնում են. Նիկոլ Փաշինյան

STARMUS VI փառատոնի նպատակները համընկնում են Հայաստանի Հանրապետության կառավարության ռազմավարական տեսլականին։ Այս մասին այսօր STARMUS VI փառատոնի բացման արարողության ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛STARMUS-ը որպես նպատակ է ձևակերպել հետազոտողների նոր սերնդին ներշնչելը ու կրթելը, հայտնագործությունների ոգին ամրապնդելը և հզորացնելը։ Սա լիարժեք համընկնում է մեր տեսլականի հետ, որոհետև շարունակաբար մեծացնում ենք գիտության, կրթության ֆինանսավորումը։ 2022 թվականին պետական բյուջեով գիտության ֆինանսավորումը ավելացել է շուրջ 83 տոկոսով։ Լայնածավալ բարեփոխումներ են ձեռնարկվում կրթության ոլորտում։ STARMUS-ը մեկ հարթակի վրա է դնում արվեստը և գիտությունը, ցանկանում է տաղանդավոր մարդկանց ներգրավվամբ ոգևորել նոր տաղանդներին, գիտությունը ավելի ու ավելի շատ մոտեցնել մարդուն և այն դարձնել երջանկության գործիք։ Սա նաև մեր կառավարության տեսլականն է՛՛:

Վարչապետը հավելեց, որ կառավարությունը ցանկանում է, որպեսզի Հայաստանում ավելի ու ավելի շատ երիտասարդներ զբաղվեն գիտությամբ, հետազոտությամբ, տեխնոլոգիաներով։

Հիշեցնելով, որ փառատոնն այս տարի կրում է ՛՛50 տարի Մարսի վրա՛՛ խորագիրը՝ նվիրված Մարսի վրա արհեստական սարքի առաջին վայրէջքի 50-ամյակին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. ՛՛Հպարտորեն պետք է ընդգծեմ, որ 1981 թվականին Խորհրդային Միության կողմից Մարս իջեցված ՛՛Մարս 3՛՛ տիեզերակայանի մեջ էր գտնվում հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը, իսկ ՛՛Մարս 3՛՛ սարքը Երկիր մոլորակ ուղարկեց այդ մոլորակի առաջին լուսանկարը։

Փառատոնի շրջանակում մենք տոնում ենք նաև մեր հայրենակցի 100-ամյակը, բայց ուզում եմ ուշադրություն դարձնենք, որ մենք սա անում ենք ոչ միայն որպես պատմական հիշողություն կամ պատմական հարգանքի տուրք։ Աշխարհն այսօր ապրում է Մարս մոլորակի յուրացման և մեծ հավանականությամբ բնակեցման` գնալով ավելի ու ավելի շոշափելի դարձող օրակարգում։ Մենք ուզում ենք, որ հայաստանցի գիտնականներն ու հետազոտողները իրենց ներդրումն ունենան քաղաքակրթական այս մեգանախագծին՛՛:

Ըստ վարչապետի՝ այսօր աշխարհն ապրում է ՛՛Ջեյմս Ուեմբ՛՛, ՛՛Հաբլ՛՛ ՛՛Կեպլեր՛՛ տիեզերական աստղադիտակների դարաշրջանում, ուստի ՀՀ կառավարությունն ուզում է, որ հայաստանցի հետազոտողները նույնպես մասնակցեն այս աստղադիտակներից ստացվող տվյալների մշակմանը և նմանատիպ նոր նախագծերի մշակմանն ու ստեղծմանը։

՛՛Այս առումով ցանկանում եմ ընդգծել ՛՛Ստարմուս՛՛ փառատոնի կարևորությունը գիտության, բարձրագույն կրթության և մշակույթի ոլորտներում՝ միջազգային գործընկերության ակտիվացման տեսանկյունից։

Հույս ունեմ փառատոնի հյուրերից շատերին տեսնել մեր նորացող բուհական, կրթական համակարգում դասախոսելիս,մեր երկրի բեմերում հյուրախաղերով հանդես գալիս, մեր հետազոտական, գիտական ծրագրերի մեջ ներգրավված։ Նաև հույ ունեմ, որ փառատոնի արդյունքներով մեր ավելի ու ավելի շատ հետազոտողներ կներգրավվեն միջազգային նախագծերի մեջ՛՛,-ասաց ՀՀ վարչապետը:

  • Կիսվել: