շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրին դիմելու վերջնաժամկետը հուլիսի մեկն է

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրին դիմելու վերջնաժամկետը հուլիսի մեկն է

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկացնում են՝ «Սփյուռքի երիտասարդ դեսպան 2022» ծրագրի հայտադիմումների ընդունման վերջնաժամկետին մնացել է 10 օր: Ծրագիրը նպատակ ունի հնարավորություն ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին ընդլայնելու իրենց պատկերացումները Հայաստանի և Արցախի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում նրանց առավել ներգրավմանը: Ծրագրի նպատակներից է նաև նպաստել սփյուռքի տարբեր համայնքները ներկայացնող երիտասարդների և Հայաստանի ու Արցախի երիտասարդության միջև կապերի ստեղծմանը:

Ծրագիրը մեկամյա է: Մասնակիցները Հայաստանում կգտնվեն շուրջ 2 շաբաթ՝ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 8-ը: Հայաստանում գտնվելու ընթացքում երիտասարդները կմասնակցեն հագեցած վերապատրաստման ծրագրի, որն ընդգրկում է մի շարք դասախոսություններ, աշխատաժամեր, հանդիպումներ և այցելություններ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կհոգա մասնակիցների՝ Հայաստանում կեցության բոլոր ծախսերը: Ծրագրի մնացյալ ժամանակահատվածը նախատեսված է իրենց բնակության երկրներում միջոցառումների իրականացման համար:

Ծրագրի դիմորդներ կարող են լինել 22-35 տարեկան սփյուռքահայ այն երիտասարդները, ովքեր առնվազն 5 տարի բնակվում են սփյուռքում, հայկական համայնքների ակտիվ և ներկայացուցչական անդամներ են, տիրապետում են հայերենին, ցանկություն ունեն իրենց ներդրումն ունենալ Հայաստան-սփյուռք հարաբերությունների ամրապնդման գործում, նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել՝ համայնքում իրենց աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար:

Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է հուլիսի 1-ը: Հայտադիմումները հնարավոր է լրացնել հայերեն, անգլերեն և ռուսերեն՝ այցելելով http://diaspora.gov.am կայք:

  • Կիսվել: