չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
ՀՀ դեսպանն այցելել է Վալոնիայի տարածարջանի մայրաքաղաք Նամյուղ. ինչ է քննարկել

ՀՀ դեսպանն այցելել է Վալոնիայի տարածարջանի մայրաքաղաք Նամյուղ. ինչ է քննարկել

Հուլիսի 20-ին ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը այցելել է Վալոնիայի տարածարջանի մայրաքաղաք Նամյուղ: Այս մասին հայտնում է դեսպանությունը։  

Դեսպան Բալայանը նախ հանդիպում է ունեցել Վալոնիայի խորհրդարանի նախագահ Վիլի Բորսյուի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Վալոնիայի հետ երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներին, միջխորհրդարանական գործընկերությանը, ինչպես նաև առաջիկա համատեղ միջոցառումների օրակարգին։  

Դեսպան Բալայանը բարձրացրել է Վալոնիայում հայկական արտադրության ապրանքատեսակների ներկայացվածության հարցը՝ նշելով, որ ՀՀ կառավարության որդեգրած՝ արտահանումների բազմազանեցման ճանապարհին այս քայլը կարող է լուրջ խթան հանդիսանալ երկկողմ առևտրատնտեսական կապերի աշխուժացման համար։  

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումները՝ անդրադառնալով փոխկապակցվածության օրակարգի կարևորությանը։ Այս համատեքստում դեսպան Բալայանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի ամբողջական իրականացման արդյունքում տարածաշրջանը կվերածվի կայունության, անվտանգության և տնտեսական համագործակցության կարևոր հանգույցի՝ ապահովելով հաղորդակցության ուղիների ապաշրջափակումն ու արդյունավետ կապը։  

Վալոնիայի խորհրդարանի նախագահը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում աջակցել Հայաստանի նախաձեռնություններին։  

Այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել նաև Նամյուղի քաղաքապետ Շարլոտ Բազելեղի հետ, որի ընթացքում քննարկվել են գիտակրթական, մշակութային և առևտրային ոլորտներում համագործակցության հնարավորությունները։   

Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել Նամյուղի առևտրային ցանցում Հայաստանի արտադրանքի ներկայացվածությունը խթանելուն առնչվող քայլերին: Կարևորվել է քաղաքային տնտեսության կառավարման բնագավառում փորձի փոխանակումը, ինչպես նաև համատեղ կրթական ու մշակութային ծրագրերի իրականացումը, որոնք հենք կհանդիսանան  համագործակցության սերտացման համար։ 

  • Կիսվել: