երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Հայտնի են Ոսկե գնդակ-2026-ի հավակնորդների և մրցանակաբաշխության հրապարակման օրերը

Հայտնի են Ոսկե գնդակ-2026-ի հավակնորդների և մրցանակաբաշխության հրապարակման օրերը

France Football պարբերականը պաշտոնապես հայտնել է, թե երբ հայտնի կդառնան ֆուտբոլային աշխարհի գլխավոր անհատական մրցանակի՝ «Ոսկե գնդակի» հավակնորդները, գրում է armsport.am-ը:

Մրցանակաբաշխության կազմակերպիչների համաձայն՝ 2025/26 մրցաշրջանի արդյունքներով բոլոր անվանակարգերի հավակնորդների ցանկը կհրապարակվի սեպտեմբերի 8-ին, իսկ բուն հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին՝ Լոնդոնում։ Այս տարի կկայանա մրցանակաբաշխության հոբելյանական՝ 70-րդ արարողությունը։

 

Սեպտեմբերի 8-ին կհրապարակվեն հետևյալ անվանակարգերի շորթ-լիստերը․

  • «Ոսկե գնդակ» (տղամարդիկ և կանայք)՝ 30-ական հավակնորդ
  • Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ (տղամարդիկ՝ 10, կանայք՝ 5 հավակնորդ)
  • Տարվա լավագույն դարպասապահ (տղամարդիկ՝ 10, կանայք՝ 5 հավակնորդ)
  • Տարվա լավագույն մարզիչ (տղամարդիկ և կանայք)՝ 5-ական հավակնորդ
  • Տարվա լավագույն հարձակվող (տղամարդիկ՝ 10, կանայք՝ 5 հավակնորդ)
  • Տարվա լավագույն ակումբ (տղամարդիկ և կանայք)՝ 5-ական ակումբ

Գլխավոր անհատական մրցանակի համար պայքարը թևակոխում է վճռորոշ փուլ: Ֆավորիտների թվում են Լամին Յամալը, Հարի Քեյնը, Կիլիան Մբապեն, Մայքլ Օլիսեն և ՊՍԺ-ի վինգեր Խվիչա Կվարացխելիան: Իր տիտղոսը կփորձի պաշտպանել նաև նախորդ տարվա դափնեկիր, ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն:

«Ոսկե գնդակը» հիմնադրվել է 1956 թվականին France Football-ի նախկին գլխավոր խմբագիր Գաբրիել Անոյի կողմից։ Առաջին դափնեկիրը անգլիացի Սթենլի Մեթյուզն է։ Մրցանակի բացարձակ ռեկորդակիրը արգենտինացի Լիոնել Մեսսին է, ով ճանաչվել է լավագույնը 8 անգամ: 1995 թվականից մրցանակը հանձնվում է ցանկացած ազգության ֆուտբոլիստի, իսկ 2007-ից՝ վերացել են նաև աշխարհագրական բոլոր սահմանափակումները։

  • Կիսվել: